«Եթե լիներ այդպիսի հնարավորություն, ամբողջ կառավարության ծրագիրը կջնջեի, ձեր ասածը կգրեի և դրանով կառաջնորդվեի». Նիկոլ Փաշինյան

«Եթե անկեղծ ասեմ, էս որ էսքան խոսում ենք կառավարության ծրագիրն ինչի՞ էսպես գրած չի, ինչի՞ էնպես գրած չի, ես, ասենք, եթե լիներ այդպիսի հնարավորություն, ամբողջ կառավարության ծրագիրը կջնջեի, ձեր ասածը կգրեի և դրանով կառաջնորդվեի։ Ոչ թե նրա համար, որ մյուս ոլորտները կարևոր չեն, այլ որ եթե ձեր ասածը լինի, դրա հետևից գյուղատնտեսությունն էլ, շինարարությունն էլ, արտադրությունն էլ, բոլոր ոլորտները կզարգանան։ Հետևաբար, ես թույլլ կտամ, նման բան ընդունված չէ ասել, բայց մենք խոսում ենք պաշտոնյաների վարքագծի փոփոխության մասին, այ, եթե ձեր արածը մենք անենք, անասնապահությունը, մնացածը, մակրոտնտեսական ցուցանիշները, ՀՆԱ չգիտեմ ինչ հարաբերությունը, էդ բոլորը ավտոմատ ձևով ու շղթայական կլուծվի»,- այսօր Աժ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցադրմանը ՏՏ-ի մասնագետների թվի ավելացման և ոլորտը զարգացնելու վերաբերյալ։

Առաքելյանի կարծիքով՝ եթե ունենանք 3 մլն ՏՏ մասնագետ, աշխատաշուկա գտնելը խնդիր չի, որովհետև աշխատատեղը միայն Հայաստանը չէ, այլ 7 մլրդ-անոց աշխարհն է, և յուրաքանչյուրը կարող է գտնել աշխատանք իր տանը նստած, իսկ մուտք եղած գումարի շնորհիվ ազդեցությունը մուլտիպլիկատիվ կլինի։ Սակայն, Է.Առաքելյանի խոսքով, ավանդական մեթոդներով մասնագետների խնդիրը չի լուծվի, պետք են հրատապ, սուր և կտրուկ լուծումներ։

Ն.Փաշինյանը նշեց, որ ՏՏ-ն կառավարության համար առաջնահերթություն է և այդ նպատակով ստեղծվում է նախարարություն և ԿԳն հետ աշխատում են կոնկրետ լուծումների ուղղությամբ. «Եթե դա լուծենք, կարող ենք ասել, որ մնացածն ինքն իրան կկարգավորվի»։

Տեսանյութեր

Լրահոս