«Համոզված ենք, որ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»
«Իրանի հետ հարաբերությունների հարցը ես կբաժանեի 3 մասի՝ քաղաքական, երկկողմ տնտեսական և Եվրասիական տնտեսական միության և Իրանի հարաբերություններ։ Դուք գիտեք, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը հիմա վավերացման ընթացակարգերում է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմի գործարկումն էական փոփոխություն կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի հարցին, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում հայ-իրանական հարբերություններում։
Ըստ վարչապետի՝ ՀՀ-ն և Իրանը հաջողությամբ համագործակցում են էներգետիկ ոլորտում, որը խորացնելու մտադրություն կա։
Քաղաքական հարաբերությունների վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են, փետրվարի 27-ին իր պաշտոնական այցը Թեհրան ևս մեկ անգամ կարձանագրի այդ փաստը.
«Մենք, իհարկե, համոզված ենք, որ Իրանի հետ կպաշտպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, և այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը, և այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»։