
«Ինչ տեմպով ՀՀ քաղաքացու վարքագիծը կփոխվի, նույն տեմպով կավելանան պետական եկամուտները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ կառավարության ծրագիրը չափելի չէ։ Այսօր ԱԺ նիստում նա հայտարարեց, որ ամեն տարի կառավարությունը ներկայացնում է բյուջեի կատարման հաշվետվություն։ Նա նշեց, որ աղքատությունը ևս չափելի է, 2 տարին մեկ ուսումնասիրության արդյունքներով երևում է՝ այն աճո՞ւմ է, թե՞ նվազում։ Նույն կերպ, ըստ նրա, չափելի են ներդրումները, գործազրկությունը և այլն։
«Ես դա երբեք չեմ հասկացել, որ մենք պետք է տնտեսագիտական բարդ բանաձևեր դնենք, որ լսողը հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Պարզ բան ենք ասում՝ բյուջեի եկամուտներն աճում են, թե չէ, ստվերը կրճատվում է, թե չէ։ Դա չափելի բան է»,- ասաց վարչապետը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին, թե արդյոք կանխիկ դրամաշրջանառության միջոցով կառավարությունը վերահսկելո՞ւ է ստվերը, Փաշինյանը հաստատական պատասխան տվեց։
Ըստ նրա՝ մարդկանց կատարած ծախսերի վերադարձի մի մեխանիզմ կարող է գոյություն ունենալ, որովհետև ստվերը հիմնականում կանխիկ դրամաշրջանառության վրա է հիմնված. «Մենք այդ ուղղությամբ մտածում ենք, դա հեշտ ճանապարհ չի, բազմաթիվ պատճառներ են ի հայտ գալու, թե ինչու պետք չի դա անել»։
Փաշինյանը նշեց, որ ինչ տեմպով ՀՀ քաղաքացու վարքագիծը կփոխվի, նույն տեմպով կավելանան պետական եկամուտները, հետևաբար՝ թոշակները։