«Կոռուպցիայի բացահայտման գործընթացը որոշակի տեղապտույտի մեջ է հայտնվել». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը ջարդված է, բայց հակակոռուպցիոն քաղաքականությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք:
«Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հետևյալն է՝ մենք պետք է ուժեղացնենք այն լծակները, որով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի ու ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ: Թեզը հետևյալն է՝ ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող ցանկացած մարդ ՀՀ-ում գործող լիազորված մարմնին պետք է տա նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որ այդ մարմինն այդ պաշտոնյայի անունից աշխարհի ցանկացած տեղում կարող է փնտրել, գտնել, այսինքն՝ արձանագրել իր ունեցած գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկություն ներկայացնել հանրությանը»,- ասաց նա:
Վարչապետն իր վրա օրինակ բերեց, որ, եթե ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին, պետք է պետական մարմնին տա լիազորություն, որ նա աշխարհի ցանկացած վայրում հնարավորություն ունենա իր անունից, որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ, ոչ թե՝ որպես հետաքննության մարմին, որի աշխատանքի համար կարող են լինել խոչընդոտներ, օֆշորային, ոչ օֆշորային ցանկացած կետում փնտրել, տեղորոշել իր կամ իր հարազատների անունով գույքը և այդ մասին տեղեկություն տալ հանրությանը:
Ն. Փաշինյանի կարծիքով՝ բոլոր այն պաշտոնյաները կամ պաշտոնի թեկնածուները, որոնք համապատասխան մարմնին հրաժարվում են այդպիսի լիազորագիր տալ, ուղղակի պետք է զրկվեն ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելուց:
«Արդեն մի քանի ամիս է, իրավաբանների հետ այս թեմաներով շատ բուռն բանավեճերի մեջ ենք, թե արդյո՞ք նման քաղաքական գիծ տանելով՝ մենք չենք ոտնահարում մարդկանց իրավունքը: Ես կարծում եմ՝ ոչ, չենք ոտնահարում մարդկանց իրավունքները, որովհետև մենք բոլորին չենք պարտադրում այդպես վարվել, այլ պարտադրում ենք այդպես վարվել այն մարդկանց, ովքեր հավակնում են լինել պետական պաշտոոնյա, ովքեր հավակնում են ծառայություն մատուցել ՀՀ ժողովրդին: Հետևաբար, այդ մարդկանց ծառայության վերցնող ժողովուրդը պետք է հարյուր տոկոսով թափանցիկության երաշխիք ունենա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործիքը երաշխավորում է ՀՀ-ում կոռուպցիան վերացնելը:
Վարչապետը կարևորեց Հայաստանում իրական հակակոռուպցիան մարմնի ստեղծումը, այլ հարց է, թե այն ինչ ձևաչափ ու լիազորություններ պետք է ունենա, իսկ այդ գործընթացը կարող է լինել փուլային տարբերակով:
Նա նկատեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում լայն հակակոռուպցիոն պայքար է գնացել, բայց այսօր քննչական մարմինները կարիք ունեն ապացուցելու իրենց առավել մեծ գործունակությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում, որովհետև կոռուպցիայի բացահայտման գործընթացը որոշակի տեղապտույտի մեջ է հայտնվել: