«ՀՀ-ն եղել և շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ վերջին զարգացումներին և հայտարարեց, որ չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում:
Ըստ նրա՝ իր կառավարությունը հավատարիմ է մնացել մայիսին Ստեփանակերտում իր հայտարարությանը, որ կարող է հանդես գալ միայն ՀՀ-ի անունից և չի կարող բանակցել Արցախի անունից, որովհետև Արցախի վարչապետը կամ նախագահը չէ:
Նա ընդգծեց, որ ՀՀ-ն եղել և շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, և իրենց խնդիրն է՝ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում: Ն.Փաշինյանի խոսքով՝ այս մոտեցումը նոր չէ.
«Ըստ էության, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում եղել է այս ընթացքում մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմն ամեն անգամ Արցախի բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ՝ եթե հայկական կողմն Արցախին ներգրավի՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմն իր հերթին՝ կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանման կարիք ունի: Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միշտ և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին, և չի եղել մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցություն չունենա»:
Նա պարզաբանեց, որ Ղարաբաղի ադրբեջանցիները մասնակցում են Ադրբեջանի նախագահական ընտրություններին, և ընտրված նախագահն ու կառավարությունն ունեն նրանց ներկայացնելու մանդատ, Ադրբեջանում նույնիսկ գործում են Ղարաբաղի, Աղդամի, Ստեփանակերտի ընտրական տեղամասեր: Սակայն, եթե Ադրբեջանը պնդում է Ղարաբաղի ադրբեջանցիների մասնակցության վրա, հարցադրում արեց Ն.Փաշինյանը, նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Ադրբեջանի գործող իշխանությունը հայտարարում է ի սկզբանե, որ ինքը չունի լիազորություն ներկայացնելու ողջ ադրբեջանական ժողովրդին, ողջ Ադրբեջան պետությունը բանակցային գործընթացում. «Սա շատ կարևոր նրբություն է»:
Նա պարզաբանեց, որ, եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել և դա խոստովանում է, հարց է ծագում՝ Ադրբեջանի գործող իշխանությունը արդյո՞ք լիազորված է ներկայացնելու ադրբեջանական հանրության մյուս հատվածներին, մասնավորապես՝ փոքրամասնություններին, որոշակի ռեգիոնների, թե՞ պետք է ստուգել այդ լիազորությունը. «Եթե լիազորված չէ, ապա ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը մասնակցում բանակցություններին»:
Ն.Փաշինյանը «լուրջ առաջընթաց» անվանեց բանակցություններում Արցախի ներկայացուցիչների ներգրավման շուրջ քննարկումները. «Ես տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ, թե ինչպես կարող է ԼՂՀ-ն ներգրավվել բանակցային գործընթացում: Եվ մենք հիմա այդ ձևերի և մեթոդների մեջ ենք և դրանք կքննարկենք նաև միջազգային գործընկերների հետ»: