«Շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են ինչ-որ մի արտառոց բան, բայց հեղափոխությունը ժխտումն է». Հովիկ Աղազարյան

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողն իր անդրանիկ նիստում ընտրեց փոխնախագահ ու հաստատեց աշխատակարգը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց 15 հոգանոց հանձնաժողովի կազմը՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հովիկ Աղազարյան, Հայկ Գևորգյան, Հռիփսիմե Գրիգորյան, Արգիշտի Մեխակյան, Գևորգ Պապոյան, Արտաշես Պետրոսյան, Հայկ Սարգսյան, Ծովինար Վարդանյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Գուրգեն Բաղդասարյան, Արկադի Խաչատրյան, Կարեն Համբարձումյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Արթուր Դալլաքյան, Արտյոմ Ծառուկյան, Հրանտ Մադաթյան:
Հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը:

«Շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են ինչ-որ մի արտառոց բան, բայց հեղափոխությունը ժխտումն է, տնտեսական առումով ամենակարևորը՝ կոռուպցիան գլխատված է»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այսօր փոխմարզպետների մակարդակից և վեր ամեն ինչ ընթանում է հեղափոխության գաղափարներին համահունչ, որևէ մեկը կոռուպցիայի մեջ թաթախված չէ:

Ըստ նրա՝ դա տնտեսական հեղափոխության ամենակարևոր բաղադրիչն է:

«Մի՞թե հնի ժխտումով հեղափոխություն տեղի կունենա»,- հարցադրում արեց ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը:

«Մեր հեղափոխությունը տարբերվում է նրանով, որ չի ժխտում հինը: Ոչ ոք չի առարկում, որ մի քանի տարի առաջ կոռուպցիան շատ խորը արմատներ էր ձգել մեր հասարակության մեջ, այսօր այն գլխատված է»,- պատասխանեց Աղազարյանը՝ ընդգծելով, որ իրենք կոռուպցիան են ժխտում:

Մադաթյանը տարակուսանք հայտնեց, թե արդյո՞ք միայն կոռուպցիան բավարար է հեղափոխության համար:

Տեսանյութեր

Լրահոս