«Թվեր և՛ կան, և՛ չկան». «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ ուսումնասիրում է ՀՀ կառավարության ծրագիրը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ ուսումնասիրում է ՀՀ կառավարության ծրագիրը։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունը վերջնական դիրքորոշում դեռ չի ձևավորել, բայց չի ուշանա։

«Մենք դեռևս քննարկումների փուլում ենք, եկեք առաջ չանցնենք, մենք հստակ քննարկում ենք, էդպես չի, որ հպանցիկ անցանք ու կարծիք հայտնենք։ Մենք մանրամասն կքննարկենք, կունենանք պաշտոնական քննարկում»,- ասաց Մ.Մելքումյանը։

Ըստ նրա՝ իրենք ունեն իրենց մոտեցումները, պետք է նայեն, թե կառավարության ծրագիրը ինչքանով է համահունչ ԲՀԿ-ի ծրագրային մոտեցումներին. «Մեկ բան կարող եմ ասել՝ անցյալ տարի ես 2 անգամ օրենքի նախագիծ էի դրել շրջանառության մեջ, որ շրջանառության հարկի շեմը չիջնի 115 մլն-ից 58.35 մլն դրամ, հունվարի 1-ից, փաստորեն, իջել է, 58.35 մլն է։ Իսկ դա գիտեք, որ փոքր ու միջին բիզնեսի համար շատ կենսական նշանակություն ունի, որովհետև հարկման ռեժիմ է փոխվում, որովհետև ԱԱՀ-ն շատ ավելի բարձր է, քան շրջհարկը։ Եվ ես նայում եմ ուրախությամբ, որ այդ 115 մլն-ը պահպանվում է, կառավարության ծրագրում և Հարկային օրենսգրքի նախագծում կա։ Բայ ինձ մոտ մի հետաքրքիր հարց է առաջանում՝ ինչո՞վ է իմ գրածը տարբերվում իրենց գրածից, որ 2-3 ամիս առաջ ես գրել էի պահպանել, կառավարությունը մերժել է, հիմա եկել, պահպանում է։ Այսինքն՝ էդ լավ է, որ ինչ ասում ենք, անում է, բայց ես գրել էի, որ հունվարի 1-ից դա չիջնի»։

Այս ծրագրով տնտեսական հեղափոխության մեկնարկի վերաբերյալ Մելքումյանը նշեց, որ հարցեր կան, որոնց հետ համաձայն են, հարցեր կան, որոնց հետ համաձայն չեն, բայց դրանց մասին կխոսի ավելի ուշ։

Թե ինչպիսի՞ միջավայր է ստեղծվում ներդրումների համար, Մ.Մելքումյանը նշեց, որ երկրում կոռուպցիայի և արհեստական մենաշնորհների հաղթահարման քայլեր կատարվել են, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ միջոցառումներ պետք է կատարվեն, իսկ ներդրումների համար մարդիկ պետք է տեսնեն, որ դրանց անվտանգությունը և նվազագույն շահութաբերությունը երաշխավորված է. «Էդտեղ լուրջ խնդիրներ կան դատաիրավական համակարգի ռեալ անկախության հետ, ֆինանսական շուկայի զարգացվածության հետ, վարկային տոկոսադրույքների ռեալ իջեցման հետ»։

Մ.Մելքումյանը նկատեց, որ ծրագրում թվեր և՛ կան, և՛ չկան, օրինակ՝ տնտեսական աճը 5%, արտահանում/ՀՆԱ-ն՝ 45%, խնայողություններ/ՀՆԱ-ն՝ 25%։

 

Տեսանյութեր

Լրահոս