ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ. Արման Եղոյան
«Համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ մեր ԵՄ գործընկերների և ԵՄ անդամ երկրների գործընկերներից։ Գիտեք, 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են, որոշ պետություններում փաստաթուղթը գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է, մի խոսքով՝ ես այստեղ որևէ քաղաքական նեգատիվ ազդակ չեմ տեսել և այդ մասին նաև ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին էլ հայտարարեց, որ որևէ քաղաքական խոչընդոտ չկա։ Մեծ հաշվով՝ ես չեմ էլ պատկերացնում, թե ինչու պետք է լիներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին։
Ըստ նրա՝ այս ամիս եվրոպացի գործընկերներից պետք է ստանան ճանապարհային քարտեզը և կսկսվի համաձայնագրի կիրարկումը։
Ա.Եղոյանը նշեց, որ վիզայի ազատականացման գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդարանի սպասվող ընտրություններով, որոնք պետք է տեղի ունենան մայիսին, նաև կա քաղաքական օրակարգ, որ որոշակի ռեֆորմների իրականացման տեմպի մասին է խոսքը։
Դիտարկմանը, որ նախորդ ՀՀ իշխանությունները հստակ թիվ էին նշում, որ մոտ 2 տարուց կլինի վիզաների ազատականացումը, Ա.Եղոյանը պատասխանեց. «Դե ես հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, որոնք ես այս պահին կանխատեսել չեմ կարող և ոչ ոք չի կարող»։