«Փորձեցինք գտնել կոնսենսուս, ցավոք, չստացվեց». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է միջազգային պատվիրակությունների կազմերից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ քանի որ խորհրդարանում ներկայացված է 3 խմբակցություն, դրան բոլորն էլ պետք է պարտադիր ներկայացված լինեին բոլոր միջազգային կառույցներում։
«Ցավոք, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված չէ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, «Լուսավոր Հայաստանը» ներկայացված չէ Սևծովյանում։ Փորձեցինք գտնել կոնսենսուս, ցավոք, չստացվեց։ Ինչևէ, կփորձենք այս ֆորմատով աշխատել»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ չմանրամասնելով փակ նիստում քննարկումների բովանդակությունը։
Անդրադառնալով Արցախի հետ կապված մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի 50 մլրդ դոլարի հայցին ՄԻԵԴ՝ Ն. Զոհրաբյանը նշեց, որ դա բազմաթիվ հայցերից մեկն է, որ Ադրբեջանը ներկայացնում է միջազգային դատարան.
«Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ում ունի բոլոր հնարավորությունները ՄԻԵԴ-ում նման անհեթեթագույն հայցերին իրավական դաշտում հստակ հակազդելու»։