Մասիսի խճուղում բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 5-ին, ժամը 16:35-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մասիսի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1998 թ.) և «Nissan X-Trail» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» և «Nissan X-Trail» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: