Ինչ են քննարկել ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ. պարզաբանում է Լիլիթ Մակունցը
«Նման հանդիպումներ հաճախ են լինելու գործադիրի և օրենսդիրրի միջև, սա մեր նոր աշխատանքային ձևաչափն է և նոր աշխատանքային մշակույթն է լինելու, որի շրջանակներում գործադիրն ու օրենսդիրն իրենց աշխատանքները սինխրոնիզացնում են, եթե հարցերը հստակեցման կարիք ունեն երկուստեք, մենք այդ թեմաներն ենք շոշափում, նաև վերջին շրջանում եթե ինչ-որ իրադարձությոյւններ են տեղի ունեցել և դրանց շուրջ նման անհրաժեշտություն կա, խոսում ենք նաև դրա մասին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումը:
Ըստ նրա՝ այսօրվա հանդիպմանը խոսել են թե՛ պարգևավճարների, թե՛ վարչապետի վերջին այցելությունների՝ Դավոս և Գերմանիա, հարցերի շուրջ, նաև եղել են առանձին տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում, որոշակի սկզբունքների հստակեցում և ճշգրտում:
Շրջանառվող լուրերը, թե պարգևավճարների պատճառով ՊԵԿ նախագահի փոփոխության հարցն է քննարկվում, Լ.Մակունցը հերքեց. «ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հարց չի քննարկվել»:
Անդրադառնալով կառավարության ծրագրին ու կառավարության կառուցվածքային փոփոխությունների խնդրին՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ շատ հպանցիկ խոսել են այդ հարցերի շուրջ, որ դրանք դեռևս կառավարության օրակարգում են և քննարկումները շարունակվում են: Նա հերքեց, որ ծրագիրն աշխատանքային կարգով քննարկման է ներկայացվելու ԱԺ արդեն առաջիկա երկուշաբթի օրը.
«Նման բան չկա, որ երկուշաբթի ներկայացվելու է ԱԺ: Ես ինքս էլ տեղեկացա, զարմացա»:
Լ.Մակունցի խոսքով՝ կառավարությունը կհասցնի և սահմանված ժամկետոմ ծրագիրը կներկայացնի ԱԺ-ին: Նա դժվարացավ նշեց, թե ԱԺ նիստը երբ կվերսկսվի. «Այս պահին չեմ կարող ասել: Հենց կառավարությունն ուղարկեց ծրագիրը, սահմանված կարգով նիստը կլինի, հավանաբար մինչև ամսի 12-ը»:



