Բաժիններ՝

ՄԻՊ-ը՝ ուկրաինական բանտում հայտնված ՀՀ խոշտանգվող քաղաքացիների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների:

168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից պատասխանեցին. «Անցյալ տարի հուլիս ամսին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով Պաշտպանի աշխատակազմ է ստացվել բողոք՝ Ուկրաինայի Խերսոնի մարզում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու, ցմահ ազատազրկման դատապարտելու և ներկայում Խերսոնի քննչական մեկուսարանում նրանց խոշտանգումների ենթարկելու, նրանց իրավունքները ոտնահարելու վերաբերյալ:

Բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ գրություն է ուղարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին, որի մասին տեղեկություն է տրամադրվել բողոք ներկայացրած անձին:

Սեպտեմբեր ամսին ստացվել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանը, համաձայն որի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հանգամանքները ստուգելու նպատակով 2018 թվականի օգոստոսի 15-ին այցելել են Սերգեյ Կարապետյանին և Խաչատուր Հովհաննիսյանին:

Ըստ նույն գրության՝ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի նկատմամբ Ուկրաինայի քրեական հետապնդման մարմինների կողմից ֆիզիկական, հոգեկան կամ այլ ճնշումներ գործադրելու, դաժան վերաբերմունքի կամ այլ ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել:

Ս. Կարապետյանը և Խ. Հովհաննիսյանը պահման պայմանների վերաբերյալ որևէ բողոք կամ խնդրանք չեն ներկայացրել: Ստացված տեղեկությունները փոխանցվել են բողոք ներկայացրած անձին:

Պաշտպանի աշխատակազմ նշված անձանց վերաբերյալ լրացուցիչ բողոքներ չեն ստացվել»։

Հավելենք, որ խնդրի հետ կապված 168.am-ին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հորդորեցին, որպեսզի շահագրգիռ անձինք անպայման դիմեն ՀՀ ԱԳՆ, դիմում գրեն և նշեն հայտնի մանրամասները, որ դեսպանությունը փորձի գտնել նրանց:

Հիշեցնենք, որ հայերի և ադրբեջանցիների միջև վիճաբանություն տեղի է ունեցել մոտ 4 տարի առաջ՝ Ուկրաինայի Խերսոն քաղաքում: Վեճի հիմքում ադրբեջանցիների կողմից Ջուղայում մեր պատմամշակութային կոթողները վերացնելն է եղել: 4 տարի է՝ դատական գործընթացը շարունակվում է, դեռ վճիռ կայացված չէ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս