«Եթե Ալիևը մամուլի միջոցով տագնապներ չի հնչեցնում, նշանակում է՝ ամեն ինչ նրա սրտով է». Քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական գործիչները մտահոգություններ են հայտնում, որով ընդհանրապես հետաքրքրված չէ հասարակությունը։ Ըստ նրա ՝այս անհանգստությունները կապված են վերջին շրջանում հնչող հայտարարությունների ու քննարկումների հետ, որոնք համահունչ չեն նախկինում հնչող հայտարությունների հետ։

«Օրինակ, Փաշինյան-Ալիև հանդիպումը, այստեղ փոքր-ինչ տարօրինակ բան կա, այդ հանդիպումը տեղի չի ունենում Մինսկի խմբի ձևաչափով, իսկ Մինսկի խումբն ուներ իր հաստատված օրակարգը, որով կողմերը գրանցում էին կամ հաջողություններ, կամ անհաջողություններ։ Եթե հիշում ենք, այդ օրակարգի շրջանակներում հայկական կողմը որոշակի հաջողություններ գրանցեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ կարողացավ մտցնել մոնիտորինգի մասին կետը։ Մենք տեսնում ենք, որ այսօր այդ մեխանիզմների մասին չեն խոսում»,- նշեց քաղաքագետը՝ անդրադառնալով Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող վերջին գործընթացներին։

Ըստ նրա՝ մտահոգիչ են Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո հնչող հայտարարությունները, հատկապես, որ նշում են, թե Արցախի հարցը չեն քննարկել, այդ դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ են քննարկել։

«Կարծում եմ՝ հասարակության մեջ այս տագնապը պետք է հնչեցնել։ Ասում են, ի՞նչ գիտեք, որ այնտեղ իրավիճակը վատ է, պարտադիր չէ՝ մենք միտումներ տեսնենք, որ իրավիճակը վատ է, պարտադիր չէ՝ մեր սեղանին դնեն վերջնական փաստաթուղթը, որպեսզի հասկանանք, որ այդ խնդիրը կա։ Եթե կան լուրջ մտահոգություններ, ապա դրանք պետք է հնչեցնեն»,- ասաց քաղաքագետը։

Նա նաև նկատեց, որ, եթե Ալիևը մամուլի միջոցով տագնապներ չի հնչեցնում, նշանակում է՝ այն, ինչ տեղի է ունենում, նրա սրտով է։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ մինչև օրս հայտնի չէ, թե ՀՀ վարչապետն ինչ օրակարգով, ինչի շուրջ է բանակցում. «Ադրբեջանը կոնկրետ հայտարարում է, թե ինքն ինչի է գնում, իսկ Հայաստանը հայտարարություններ անում է կցկտուր, որոնք մեզ չեն բավարարում»։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս