Բաժիններ՝

Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է իրեն ուղղված քննադատությանը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լեգիոնականների հարցի շուրջ բարձրացված խնդրի ժամանակ իր հասցեին ուղղված քննադատությանը:

Խաշմանյանի պատասխանում, մասնավորապես նշված է. «Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների: Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ մի գրառում:

Խոսել եմ սկզբունքի մասին և հայտնել եմ կարծիք, որն իմ իրավունքն է: Ինձ տեղյակ պահեցին որ ֆուտբոլիստ է պատասխանել իմ կարծիքին: Ասեմ, որ նման քննարկումների ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա, քանի որ ֆուտբոլիստները խոսում են իրենց շահերից ելնելով: Հայաստանում 10 տարի է նույն պատկերն է տիրում, լեգեոներների հետ կապված: Միշտ նույն վիճակն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ, այդ 10 տարիներին չէին խոսում լեգեոներների լիմիտի մասին, իսկ հիմա սկսել են խոսել: Պատասխանը սա է, քանի որ այն ժամանակ խաղում էին, հիմա արդեն դժվարանում են խաղալ, քանի որ իրենց թիմերի կազմում կորցնում են իրենց տեղը և մրցունակ չեն: Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով և նախագահներով՝ ֆեդերացիայի հովանու տակ:

Տեսել եմ, որ Գևորգ Ղազարյանը նույնպես կարծիք է հայտնել: Ասեմ, որ շատ եմ հարգում Գևորգին, առաջին հերթին որպես մարդ, երկրորդ հերթին շատ եմ գնահատում նրա ծառայությունները մեր ֆուտբոլում: Ինչ վերաբերվում է, թե ով է մտածում հայկական ֆուտբոլի մասին կամ ով է ավելի շատ օգուտ տվել, կասեմ հետևյալը՝ թող դնեն նժարին և համեմատեն մեր ֆուտբոլային գործունեությունը՝ խաղացած տարիներից մինչև մարզչական կարիերա և գնահատական տան:

Վերջում, ես չեմ վիրավորել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի ասածը, այլ հայտնել եմ կարծիքս: Եթե որևէ մեկը ցանկանում է անձնավորել, ապա բոլորն էլ գիտեն իմ կոնտակտները: Ի տարբերություն մի քանիսի՝ Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այդ ժամանակը ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար»:

Ավելի վաղ  Հայաստանի ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Երևանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն անդրադարձել է ներքին առաջնությունում լեգեոնականների սահմանափակման հարցին` իր խոսքում Խաշմանին դասելով այն մարդկանց , ովքեր չեն հետաքրքրվում հայկական ֆուտբոլի ապագայով:

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է  Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման հետ կապված հարցի շուրջ:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ հատուկ հանձնախումբ է ստեղծել, որտեղ ընդգրկված են ազգային ակումբների ներկայացուցիչները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս