«Եկավ, մեզ խաբեց, մենք էլ հավատացինք, որ ոչինչ չի խոսել». Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Այն հայտարարությանը, թե Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ հենց այնպես զրույց է եղել, թույլ տվեք չհավատալ դրան, որովհետև նրանք տարբեր մարդիկ են և խոսելու շատ քիչ բան ունեն: Եթե խոսելու բան էլ ունեն՝ ապա 5 րոպեանոց: Ցավոք, մեր երկիրը ներկայացնողը հանդիպել է մի մարդու, ով լուրջ փորձ ունի քաղաքական դաշտում և նրա հետ խոսելը, ինչպես տեսանք լուսանկարներից՝ հաջողված չէր. քմծիծաղը դեմքին Ալիև և իրեն կորցրած Նիկոլ Փաշինյան: Մենք այս օրին հայտնվեցինք, քանի որ ԱԳ նախարարն այդ օրերին շատ վատ նախադասություն արտաբերեց՝ ասելով, թե եթե խաղաղություն չլինի, ապա դիմացը կատաստրոֆա է: Ի՞նչ է սա նշանակում:
Կատաստրոֆա՝ ո՞ւմ համար: Ես մտածում եմ, որ, եթե թշնամին հարձակվի մեզ վրա, ապա կատաստրոֆան հենց իր համար է: Ընդամենը 1918թ. կազմավորված երկիրը խոսում է Երևանի, Զանգեզուրի մասին, իսկ մենք այտեղից ձայն չենք հանում ու դա բացատրում ենք նրանով, որ խոսել են, և սահմանում հարաբերական անդորր է: Բացի սա՝ ձայն չեն հանում, թե ի՞նչ եղավ 11.000 հեկտարը, որ ադրբեջանցիները գրավեցին Նախիջևանի ուղղությամբ:
100 անգամ ասել եմ, որ. եթե գյուղապետերն ուղղակի պանիկյորներ են, պետք է նրանց լուրջ պատասխանատվության ենթարկել, եթե՝ ոչ, ապա ո՞նց հասկանանք 11.000 հեկտարը: 800 հեկտարը այն մի հոգավորը տվեց՝ ասելով, որ անպետք են, հիմա էլ 11.000-ն է անպե՞տք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
«Այդ ո՞վ է կիսապատերազմական վիճակի մասին խոսում պարտվողական քաղաքականությունից: Ո՞նց հասկանանք սա ու այն, թե 1.5 ժամ վարչապետը նստում է Ալիևի հետ ու Արցախից չի խոսում: Բա ասեիր՝ այդ ի՞նչ ես Երևանից, Զանգեզուրից խոսում, ի՞նչ էս բլբլում: Եկավ, մեզ խաբեց, մենք էլ հավատացինք, որ ոչինչ չի խոսել: Բայց դրանից հետո, չգիտես ինչու, Բոլթոնը զանգում, խոսում է Ալիևի հետ, պարզ չի, թե ի՞նչ է կատարվել: Բոլթոնը չէր կարող պատահական զանգել»,- հավելեց հասարակական գործիչը:
Անի Կարապետյան