
Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հայտարարել է հացադուլ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Հացադուլ հայտարարելու պատճառը կապված է իր քրեական գործի հետ: Նա պահանջում է իր գործը վերաբացել: Այժմ նա հացադուլավորների համար նախատեսված խցում է և գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո»,- ասաց Նավիկյանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Վաղարշակ Ավետիսյանը 2008 թվականի հունվարի կեսերին Արման Մանուկյանից խարդախությամբ հափշտակել էր զգալի չափի գույք,այնուհետև 2008 թվականին հունվարի 26-ին, Գոռ Սաֆարյանի և Արագեղեցիկ Բաղդասարյանի հետ ավտոմեքենայից կրկին անգամ կատարել էր գույքի զգալի չափի հափշտակություն, 2008 թվականի փետրվարին խարդախության եղանակով Աշոտ Մովսիսյանից կրկին անգամ հափշտակել էր զգալի չափի գույք, 2008 թվականին մարտի 16-ին ավազակությամբ զուգորդված, շահադիտական նպատակով սպանել էր Միխայիլ Հովհաննիսյանին:
Վաղարշակ Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ցմահ ազատազրկման։