Ինչի՞ հաշվին է «Գազպրոմ Արմենիան» կատարելու ֆինանսավորումը, որ Հայաստանում սպառողի համար գազի սակագինը չթանկանա
Ներքին սպառողի համար գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ Հայաստանի կառավարությունը դեռ բանակցությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Բանակցություններն ընթացքի մեջ են, և այս պահին որևէ նոր բան չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ, գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսել ենք»,- ասաց Ավինյանը:
Հարցին՝ թե «Գազպրոմ Արմենիան» ինչի՞ հաշվին է կատարելու ֆինանսավորումը, որ Հայաստանում սպառողի համար գազի սակագինը չթանկանա, Ավինյանը պատասխանեց, որ տարբեր բաղադրիչներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը սպառողի համար: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման:
«Եվ այդ կոմպոնենտների ու օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին, ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»,-նշեց փոխվարչապետը:
Նա հավելեց, որ բանակցություններն ընթացի մեջ են, և երբ տեղեկություն լինի, հանրությանը կտեղեկացնենք:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ» ընկերությունը 2019թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար:
Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար: