ՀՀ դեսպանը Մինսկում մասնակցել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Մինսկում հրեական համայնքի «Բեյթ Սիհմա» կենտրոնում հունվարի 26-ին կայացել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որին մասնակցել են Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը, նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներ, հրեական համայնքի ներկայացուցիչներ, Լեհաստանից, Գերմանիայից և Լիտվայից ժամանած ուսանողներ, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Առաջադեմ հուդաիզմի համայնքների կրոնական միավորման գլխավոր ռաբբի Գրիգորի Աբրամովիչն իր խոսքում նշեց. «Երբ մենք ասում ենք, որ սա չպետք է կրկնվի, մենք պետք է մտածենք ինչպես դա անել։ Չէ՞ որ պատերազմները չեն ավարտվում։ Միլիոնավոր մարդկանց շարունակում են սպանել 1945թ.-ից հետո։ Բայց մենք կարող ենք այնպես անել, որ այդ հիշատակը մեր ուղեղում պահպանվի։ Դեռ ողջ են այդ սերնդի առանձին մարդիկ, նրանք կարող են Հոլոքոստի դասերի մասին խոսել։ Դրա մասին կարելի է պատմել գրքերի, ֆիլմերի և արվեստի տարբեր տեսակների միջոցով»։
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում ընդգծեց, որ շատերն են այն կարծիքին, որ Հոլոքոստի արհավիրքը հնարավոր կլիներ կանխել, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ մարդկության դեմ կատարած հանցանքները, Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեին։ Կարևորելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նշվեց, որ որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:
Այս համատեքստում առանձնացվեցին 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևն ու կրկին հայկական նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու շարունակական ջանքերը:
Նշվեց նաև 2018թ.-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Երրորդ գլոբալ ֆորումը, որն արդեն իսկ ստանձնել է իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման և այս հանցագործության դեմ մեր միասնական պայքարի կարևոր հարթակի դերակատարությունը»։