Երևանի քաղաքապետարանն ընդունել է հաստիքացուցակը 25-ով ավելացնելու որոշում
Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում կայացվեց ավելացնել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը՝ հասցնելով այն 2030-ի:
Այս մասին նիստի ժամանակ զեկույցը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Արտահերթ նիստին ներկա էին ավագանու անդամներից 52-ը, նրանցից 47-ը որոշմանը քվեարկեց կողմ, 3-ը՝ դեմ, 5-ը՝ ձեռնպահ:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր զեկույցում նշեց, որ Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Անշարժ գույքի կառավարման վարչությունում ավելացել է 10 նոր հաստիք:
«Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Վերահսկողության վարչությունում ավելացել է 15 նոր հաստիք»,- ասաց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ հաստիքացուցակներ ավելացնելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության աշխատանքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով:
«Վերահսկողությունն իրականացվելու է հանրակրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովման, առողջապահության և այլ ոլորտներում: Վարչությունն իրականացնում է Երևան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, ինչպես նաև հատուկ և նպատակային հիմնադրամներից տրամադրվող միջոցների իսկության, նպատակահարմարության և արդյունավետության Երևանի բյուջեի եկամուտների հավաքագրման նկատմամբ վերահսկողություն»,- ընդգծեց Սարգսյանը:
Նա շեշտեց, որ 2019 թվականի բյուջեում նոր հաստիքների ավելացման արդյունքում էական փոփոխություններ չեն լինի, քանի որ երկու ամսվա ընթացքում կիրականացվի բոլոր պաշտոնների օպտիմալացում: Այս ամենը, փոխքաղաքապետի խոսքով, հնարավորություն կտա խնայել մոտ 90 մլն ՀՀ դրամ:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը՝ նախկինում հայտարարված օպտիմալացման և բյուջեի կրճատումների պարագայում, նոր հաստիքների ավելացումը անհիմն համարեց: