Մեյը համաձայնեց Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի գործարքի շուրջ. BBC
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է Բրյուսելից նոր բանակցություններ պահանջել Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ արդեն համաձայնեցված գործարքի շուրջ: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:
Նրա տեղեկատվությամբ, այդպիսով Մեյը զիջել է սեփական Պահպանողական կուսակցությունից եվրասկեպտիկների ճնշմանը, որոնք վարչապետից պահանջում էին Բրյուսելից հասնել հյուսիսիռլանդական «բեքստոպի» մեխանիզմի վերանայման: Այն նախատեսում է, որ Օլսթերը ինքնաբերաբար Մաքսային միության եւ ԵՄ-ի միասնական շուկայի անդամը կմնա, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկության հարցի շուրջ: Այն անցնում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հետ միասին դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ եվրոպական հանրակցության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ:
Հենց «բեքստոպի» թեմայի շուրջ տարաձայնությունները դարձան այն բանի պատճառը, որ հունվարի 15-ին բրիտանացի պատգամավորները վճռականորեն մերժեցին ԵՄ-ի հետ 585-էջանոց համաձայնագրի տեքստը: Մինչդեռ Բրյուսելում պաշտոնյաները հետեւողականորեն հայտարարում էին, որ մտադիր չեն որեւէ փոփոխություն կատարել համաձայնագրում, որը մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքն է դարձել:
BBC-ի տեղեկատվության համաձայն, Մեյն իր պլանների մասին ԵՄ-ի ղեկավարությանը կհայտնի հունվարի 29-ին ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: