«Արսենալ»-«Քարդիֆ Սիթի». խաղից առաջ
Այսօր տեղի կունենան Անգլիայի 26-րդ տուրի խաղերը: Դրանցից մեկում «Արսենալը» կընդունի «Քարդիֆ Սիթիին»:
«Արսենալ»
Լոնդոնցիներն այս խաղին մոտենում են շատ մոտիվացված: ԱՊԼ-ի վերջին տուրում Էմերիի սաներն ապացուցեցին, որ դեռևս չեն պատրաստվում լքել պայքարը: Սեփական հարկի տակ դժվարին պայքարում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները կարողացան հաղթել «Չելսիին»: Սա համառ պայքար էր Պրեմիեր լիգայի լավագույն քառյակի համար: Հիմա «Արսենալը» «Չելսիին» զիջում է միայն 3 միավոր:
Պետք է նշել, որ սեփական հարկի տակ «Արսենալը» բավականին լավ է հանդես գալիս: Սեփական հարկի տակ անցկացված վերջին 5 խաղերում «Արսենալը» հաղթել է «Տոտենհեմին» (4:2), «Հադերսֆիլդին» (1:0), «Բարնլիին» (3:1), «Ֆուլհեմին» (4:1) և «Չելսիին» (2:0):
Թիմի լազարեթում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները: Օրերս հայտնի դարձավ, որ մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ դուրս չի գա Հեկտոր Բելերինը: Ամենայն հավանականությամբ, կբացակայի նաև Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցել է միայն վերջին մարզումներին՝ ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Ռոբ Հոլդինգն ու Դենի Ուելբեքը ևս դեռ չեն ապաքինվել: Վնասվածքներ են ստացել նաև Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Լորան Կոսելնին:
«Քարդիֆ Սիթի»
«Քարդիֆ Սիթին» ամեն կերպ փորձում է ապացուցել, որ արժանի է Պրեմիեր լիգայում խաղալուն, սակայն դա դեռևս այդքան էլ չի հաջողվում: Թիմը բավականին քիչ միավորներ ունի և կարող է դուրս մնալ ԱՊԼ-ից:
Մրցակցի հարկի տակ «Քարդիֆ Սիթին» չի կարողանում վստահ խաղալ: 12 արտագնա խաղերում թիմը կարողացել է վաստակել միայն 5 միավոր՝ հաղթելով միայն «Լեսթերին» (1:0) և գոլազուրկ ոչ-ոքիներ խաղալով «Քրիսթալ Պելեսի» և «Հադերսֆիլդի» հետ:
Հարցականի տակ է Ջազ Ռիչարդսի մասնակցությունը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Տնային 18 խաղերում «Արսենալը» կարողացել է հաղթել 13 անգամ՝ պարտվելով միայն երկու դիմակայությունում
- ԱՊԼ-ում սեփական հարկի տակ Էմերիի սաները չեն պարտվել 11 խաղ անընդմեջ
- «Քարդիֆ Սիթին» պարտվել է արտագնա 11 խաղերից 8-ում
- Մրցաշրջանի առաջին կեսում «Արսենալը» հաղթեց մրցակցին 3:2 հաշվով
«Քարդիֆ Սիթին» ևս շատ մոտիվացված է մոտենում այդ հանդիպմանը, քանի որ խաղասեղանին ԱՊԼ-ից դուրս մնալն է: Սակայն վերլուծաբանները կարծում են, որ «Արսենալը» բարդ խնդիրներ չի ունենա:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան