Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը պատրաստ է բանավիճել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ

Հունվարի 29- ին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանն ասել է, որ պատրաստ է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ գնալ բանավեճի։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախօրեին արած հայտարարության և ՀՔԾ պետի արձագանքի մասին, փաստաբան Ռուբեն Սահակյանն ասել է.

«Երեկ գեներալներից մեկն ասաց՝ նա Հանրապետության նախագահ էր, ի՞նչ կարիք ուներ սահմանադրական կարգը տապալելու: Այնքան խելացի միտք ասաց, բայց մեկ ուրիշը, որ նրան արձագանքեց (Ռուբեն Սահակյանը նկատի ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատյանին,-խմբ) այդքան կարողություն չուներ, որ նման մեկնաբանություն տար, կանչեց բանավեճի»:

Երեկ «Եռաբլուրում» Վիտալի Վալասանյանը, անդրադառնալով ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Ռոբերտ Քոչարյանին առաջադրված՝ Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել էր. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է»։ Բալասանյանի այս հայտարարությանն արձագանքել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. «Եթե նա լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից», ասել էր ՀՔԾ պետը:

Լրագրողների՝ ճշտող հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուբեն Սահակյանը ՀՔԾ պետի հետ գնալ բանավեճի, նա պատասխանել է՝ «իսկ ի՞նչ է եղել, որ…»՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ Հանրապետության նախագահը անձեռնմխելի է և այն նորմը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ տեղին չէ. «Այդ նորմով նրան մեղադրանք առաջադրել չի կարելի, հիմնավոր կասկածը բացակայում է։ Վերաքննիչ դատարանից պահանջում ենք, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի»,- ասել է նա՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չի մասնակցի:

Տեսանյութեր

Լրահոս