«Ժամանակը կգա՝ կտեսնեք, որ 0038 հրամանը Մարտի 1-ի դեպքերի հետ կապ չունի». Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործով առաջադրված մեղադրանքին, ըստ որի` նա տապալել է սահմանադրական կարգը, նկատեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է։
«Ձեզ համար էլ է երևի ծիծաղելի, այսինքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի նորից մնա վարչապե՞տ, մի քիչ ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում։ Չեմ տեսել, որ այն ժամանակ բանակը մասնակցել է ներքաղաքական գործընթացների, ոմանք գուցե մասնակցել են, բայց 0038 հրաման չկա, այդ հրամանով զորքը բերվել է զորանոցային իրավիճակի, ցանկացած երկրում կգնան դրան` տեսնելով, թե երկրում ինչ է կատարվում։ Զորքը չի մասնակցել ներքաղաքական իրադարձություններին, դուք զորք տեսե՞լ եք այն ժամանակ, երբ կրակում էին»,- ասաց Վ. Բալասանյանը։
Նրա խոսքով՝ մարտի 1-ին փողոց դուրս եկած զորքը Ներքին զորքերն է եղել, քանի որ բանակը նման զինատեսակ չունի։
Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ մարտի 1-ին ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ ռեժիմ հայտարարելու հիմքեր ունենան, Վիտալի Բալասանյանը նշեց, որ «ամոթ է», և նման բաներ չի կարելի ասել։
«Մենք տեսնում ենք, հատկապես՝ վերջին շրջանում, տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ զոհվածների ընտանիքներին գցել են նման վիճակի մեջ, ամոթ է, նման բան չի կարելի անել։ Դուք գիտեք, որ նման բաներ ովքեր ասում են, կարճ ժամանակ անց շատ «փիս» վիճակի մեջ են ընկնում»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների կալանավորումն է՞լ է ծիծաղելի, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Եկեք բոլորին կալանավորենք, թող նստեն, հետո ՀՔԾ-ն որոշի, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ։ Կալանքն ի՞նչ կապ ունի, երբ քրեական գործ է հարուցված։ Ես չգիտեմ, ով ինչքանով է մասնակցել Մարտի 1-ի դեպքերին, դա Քննչական ծառայության գործն է։ Երբ չկա վճիռ, ինչպե՞ս կարող եմ մարդու վրա մեղք դնել։ Եկեք սպասենք, դատարանը վճիռ կկայացնի, չի կարելի մարդկանց վրա օդից մեղք գցել։ Իմ կարծիքով՝ ժամանակը կգա, կտեսնեք, որ 0038 հրամանը Մարտի 1-ի դեպքերի հետ կապ չունի»,- եզրափակեց Վիտալի Բալասանյանը։
Զվարթ Խաչատրյան