
Իրանը չի պլանավորում մեծացնել իր հրթիռների հեռահարությունը. Ալի Շամխանի

Իրանը մտադիր չէ մեծացնել իր հրթիռների հեռահարությունը, բայց շարունակում է աշխատել դրանց ճշգրտության վրա: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
«Իրանի համար ո՛չ գիտական, ո՛չ կազմակերպական խոչընդոտներ չկան մարտական հրթիռների հեռահարությունը մեծացնելու համար: Սակայն Թեհրանը մտադիր չէ դա անել»,-ասել է Շամխանին: Նա հավելել է, որ, «Իրանի պաշտպանական դոկտրինայի համաձայն, երկիրը մշտապես աշխատում է մեծացնել հրթիռների ճշգրտությունը»:
Հունվարի 25-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանին, հայտնել էր, որ Փարիզը պատրաստ է Թեհրանի նկատմամբ հետագա պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Դրան ի պատասխան հունվարի 28-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ հրթիռային ծրագիրը Թեհրանին անհրաժեշտ է սեփական անվտանգությունն ապահովելու համար եւ քննարկումների առարկա չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: