Ինչ ուղերձ է հղել Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքող ակցիայի մասնակիցներին հանդիպելիս

«Սխալ մեկնաբանություն է, դա անընդունելի է, քանի որ մեր կողմից բողոք ներկայացնելը գաղտնիք չէր, գիտեք, մինչև իմ իջնելն էր հրապարակվել։ Դատախազությունը տվյալ պարագայում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, բնականաբար, ինքն իր ունեցած հիմքերով ու փաստերով ներկայացրել է բողոք, այնպես որ, այստեղ որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազը հանդիպել է Մ. Գրիգորյանի դեմ բողոքող ցուցարարների հետ և ասել, որ համաձայն է նրանց առաջ քաշած բողոքի հետ։

Նրա խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցներն են ցանկացել, որ անձամբ ինքը հանդիպի նրանց հետ։ Ուստի, իր հանդիպման նպատակը, ըստ նրա՝ այն է եղել, որ բողոքողներին ուղերձ հղի այն մասին, որ գործ ունեն իրավական ակտի հետ։

«Իմ խնդրանք ու հորդորն էր մեր քաղաքացիներին, որպեսզի չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարող էին դիտարկվել կամ գնահատվել՝ ճնշում արդարադատության վրա»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Նա նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված կան որոշակի դրվագներ, որտեղ կան բավարար ապացույցներ, կան դրվագներ էլ, որոնց դեպքում դեռ քննություն է ընթանում։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ ՀՀ գլխավոր դատախազին փոխարինող են գտել, և հնարավոր է՝ նա շուտով լքի պաշտոնը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ լուրջ հարցերն ավարտվեցին»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս