Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Վենեսուելայում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վենեսուելայում տիրող իրադրությունը; Ընդգծվել է պատրաստակամությունը՝ նպաստելու Վենեսուելայի քաղաքական ուժերի միջև փոխըմբռնման ուղիների հայթայթմանը՝ հանուն ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման: Նախարարները մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
Վենեսուելայում հունվարի 18-ից բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով հերթական նախագահական ընտրություններից հետո հունվարի 10-ից վերստին ստանձնել էր երկրի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին ինքն իրեն հռչակել է պետության ժամանակավոր ղեկավար՝ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում:
Երկրում այս օրերին շարունակվող ցույցերի հետևանքով զոհերի թիվն անցնում է մեկ տասնյակը:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ընդունում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Գուաիդոյին որպես Վենեսուելայի ղեկավար ԱՄՆ-ից բացի ճանաչել են նաև Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում: