
«Դա եղել է և՛ քաղաքական պայմանավորվածություններով, և մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ». Դավիթ Տոնոյան

Հայկական զինված ուժերում վերջին շրջանում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստության պահանջների մեջ: Սահմանվել են ավելի հավակնոտ պահանջներ: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Իրերի և այլ հարցերի ապահովման ոլորտում իրականացվեցին բարեփոխումներ, նախադրյալներ ստեղծեցինք հետագա անելիքների համար: Ասեմ, որ բանակում ամեն ինչ արվում է՝ դժբախտ պատահարները կրճատելու համար:
Վիճակագրություն ճիշտ չի լինի ասել, բայց վստահեցնում եմ, այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք, բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգությանը միտված բոլոր գործողություններն արվում են, ուշադրություն ենք դարձնում միջանձնային հարաբերություններին: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողներին, որովհետև ինքնասպանությունների խնդիրներ առաջանում են հենց նման զինծառայողների մոտ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է սահմանին տեղի ունեցած դեպքերին, ապա Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին, հակառակորդի գործողություններով պայմանավորված, սահմանին ունեցել ենք դեպքերի ցածր թվաքանակ: «Դա եղել է և՛ քաղաքական պայմանավորվածություններով, և մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»,-ասաց Դավիթ Տոնոյանը: