Բաժիններ՝

«Մհեր Եղիազարյանն Արդարադատության նախարարության և համապատասխան օղակների անտարբերության զոհն է». Նարինե Դիլբարյան

«Դա մեր Արդարադատության նախարարության և համապատասխան հիմնարկների մեծ բացթողումն է: Հացադուլներ միշտ են եղել, բայց այսպիսի մահվան դեպքեր չէին գրանցվում: Կան եղանակներ՝ մարդուն հացադուլից հետ պահելու, կանխելու համար: Փաստորեն տեղի է ունեցել անտարբեր վերաբերմունք: Մհեր Եղիազարյանը համապատասխան օղակների անտարբերության զոհն է: Կարծում եմ՝ պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր անուշադրության են մատնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց. «Օրենքը ձևական է մոտենում բոլոր բանտարկյալներին: Հաշվի չի առնում սեռը, տարիքը, առողջական վիճակը: Երբ մարդ բանտ է գնում, պետք է ստուգեն առողջական վիճակը, ոչ թե ինքը դժգոհի ու նամակներ գրի: Համակարգը վերակառուցման լուրջ կարիք ունի»:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Haynews.am կայքի հիմնադիր-պատասխանատու, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանը, որը եղել է «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսելով դեպքի մասին՝ ասել է. «Մհերը հացադուլ հայտարարել էր 04.12.2018թ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Այսինքն, դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արդեն իսկ հացադուլի մեջ էր և մինչև հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը)՝ պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

Թե որքա՞ն է եղել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ջանադրությունը, խնդրում եմ, գնահատեք ինքներդ. Հացադուլ հայտարարելուց հետո Մհերի հետ աշխատանքներ են իրականացրել քրեակատարողական հիմնարկի ավագ բուժաշխատողը և սոցիալական/հոգեբանական աշխատանքների ստորաբաժանումը:

Մհեր Եղիազարյանը հացադուլ իրականացնելու ընթացքում ենթարկվել է բժշկական զննության՝ անհրաժեշտություն ծագելուն պես, բժշկական հսկողության ներքո գտնվել է՝ մշտական: Բժիշկը Մհերին ներկայացրել է սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը, առանց խախտելու «ճնշման» սահմանը՝ ամենօրյա աշխատանք է տարել Մհերի հետ՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս