
Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Հայկական բանակի օրը հիշատակվում է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը:
Ուրֆանյանն այսօր կբոլորեր իր 29-ամյակը: Նա ծնվել է 1990 թվականին: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:
ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:
Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում: