Բաժիններ՝

Յուրաքանչյուր հայ պիտի հարց տա ինքն իրեն, թե ի՞նչ է ինքն անում՝ Աստծուց իրեն տրված հայրենիքի համար

Աստծո արարչագործ ծրագրի մեջ իր կարևոր և ուրույն տեղն ունի Հայկական լեռնաշխարհը. մարդկությունը ստեղծվեց Եդեմի դրախտում, որը մեկնիչների կողմից նույնացվում է Հայկական լեռնաշխարհի հետ, ինչպես նաև մարդկության վերածնունդը սկսվեց Հայաստանից՝ Արարատ լեռան գագաթից, որտեղ հանգրվանեց Նոյ Նահապետն իր փրկության տապանով:

Աստված, ստեղծելով աշխարհը՝ տնօրինեց, որ իբրև տնտես արարված յուրաքանչյուր էակ ունենա իր սեփական հայրենիքը և հոգ տանի իր հայրենիքի մասին: Մեզ՝ հայերիս Աստված հատկացրեց մի չքնաղ երկիր և հայրենիք, որը Հայաստան ենք կոչում: Դարեր անցան, և այս գեղեցիկ երկիրը, չնայած իր տեսած բազում փորձություններին, ապրեց, մաքառեց և այսօր էլ պատկանում է մեզ:

301 թվականին աստվածային նախախնամությամբ հենց Հայաստանը և հայն աշխարհում առաջինն ընդունեց աշխարհին լույս և օրհնություն բերող կրոնը՝ քրիստոնեությունը՝ մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ:

451 թվականին հայի հավատքը և հայրենիքը վտանգված էր, ուստի «Վասն հավատքի և վասն հայրենիքի» տեսլականով և հրամայականով զենք վերցրեցին զինվորն ու զորավարը, հոգևորականը, շինականն ու փափկասունք տիկնայք հայոց աշխարհի՝ պաշտպանելով մեր հայրենիքը և Լուսավորչի հավատքը:

Մեր պատմության քառուղիներում միշտ երևացել են հայ ժողովրդի միասնությունը և ապրելու կամքը, որոնց սրբագրմանը մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ խաչով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ գրչով, Սուրբ Վարդան Մամիկոնյանը՝ սրով, Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ «Մատյան ողբերգության» երկով, Խաչատուր Աբովյանը՝ «Վերք Հայաստանի» վեպով, Պարույր Սևակն՝ «Անլռելի զանգակատուն» պոեմով և Դերենիկ Դեմիրճյանը՝ «Վարդանանք» վեպով:

Հայ ժողովրդի պատմության այս հավերժացումը չէր լինի, եթե Աստված չվստահեր մեզ՝ տնօրինելով պահել ու պաշտպանել մեզ վստահված հայրենիքը: Աստվածային օրհնությամբ է, որ հայ ժողովրդի ներկա սերունդները կարողանում են գնահատել մեր ազգի հանճարեղ նախնիների սխրանքներն՝ ավելացնելով դրանց վրա հիացմունքի և գնահատանքի արժանի նոր գործեր: Փառք Աստծո, անկախ է մեր երկիրը, հայրենիքը և անկոտրում՝ մեր հավատքը, այդուհանդերձ, աստվածային ձայնն է շոյում մեր ականջը՝ հորդորելով, որ առավել նվիրում և սեր ունենանք հանդեպ մեր մայր հայրենիքը, որը մեզ է տրված իբրև երկնային շնորհ: Հայրենիքը շենացնելու մղումն Աստծո կողմից օրհնյալ առաքելություն է:

Հայրենակերտումի այս օրհնյալ ճանապարհին յուրաքանչյուր հայի պարտքը և պարտականությունն է գործակից լինել մեզ օրհնող և Իր Սուրբ Խաչի զորությամբ պահպանող Աստծուն: Այսօր մենք կոչված ենք առավել գիտակցությամբ, հանձնառությամբ և պատասխանատվությամբ կատարել մեր պարտականությունները հանդեպ Աստված և Մայր Հայրենիքը: Յուրաքանչյուր հայ պիտի հարց տա ինքն իրեն, թե ի՞նչ է ինքն անում՝ Աստծուց իրեն տրված հայրենիքի համար: Մեր առջև ծառացած խնդիրները լուծելու հրամայականով անհրաժեշտ է, որ չտարվենք խաբուսիկ արժեքներով, այլ՝ մեր հայրենիքը և եկեղեցին ճանաչենք իբրև մնայուն արժեքներ:

Լինելով «փոքր ածու», բայց միևնույն ժամանակ ստեղծագործ ազգ և ժողովուրդ՝ կհաղթահարենք բոլոր դժվարությունները, երբ լսենք Աստծո՝ հայրենասեր լինելու կոչը, և այդ կոչի ելևէջներով շարժվելով, մեր սրբազան նախնյաց գործերի մայր հունից չշեղվելով՝ կկարողանանք շենացնել մեր հայրենիքը: Աստվածային ձայնն այսօր մեզ ասում է, որ Սուրբ Խաչի պահպանությամբ մեր հայրենիքը անկողոպտելի գանձ է մեզ համար: Յուրաքանչյուր հայ հավասար պարտականություն ունի այդ գանձի նկատմամբ: Պետք է պաշտպանենք մեր սրբազնասուրբ հայրենիքը մեր քրտինքով և նույնիսկ արյունով այն բոլոր թշնամիներից, ովքեր կցանկանան հափշտակել մեզանից մեր «սրբություն սրբոց»-ը՝ Մայր Հայրենիքը:

Տ. Վաղարշ քհն. Իսախանյան
Ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս