
Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ. Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել

Ն.Ս.Օ.Ս.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կարողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության: Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ:
Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ, ջանք ու ավանդ բերելու Հայաստանի ու Արցախի շենացմանն ու զարգացմանը և իրագործելու առաջընթացի ու ազգային զարթոնքի մեր տեսիլքները: Մեր հայրենաշեն գործերը պիտի պանծացնեն նաև հիշատակն իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների: Աստվածակառույց Մայր Տաճարի Սուրբ Սեղանի առջև մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը իր շնորհների և օրհնության ներքո պահպանի մեր Բանակի սպաներին ու մարտիկներին`զորացնելով ամուր հավատքով, ուժ ու կորով պարգևելով իրենց պանծալի ծառայության մեջ և նպատակների իրագործում ու երջանկություն՝ իրենց կյանքում:
Թող Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, խաղաղ ու ապահով շենանա և զորանա հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը»,- ասված է Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում: