Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 26-ին ցավակցական ուղերձ է հղել մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոնի» և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում ասված է.
«Մաեստրո Լեգրանը համաշխարհային երաժշտության լեգենդներից է, մեծարանքի և հիացմունքի արժանացած արվեստագետ: Անգնահատելի է նրա ավանդը ժամանակակից երաժշտության զարգացման ասպարեզում:
Անուրանալի է նրա ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և ընդլայնման գործում: Մաեստրոյի արվեստը սիրված է Հայաստանի հանդիսատեսի կողմից:
Խորին ցավակցություն եմ հայտնում Միշել Լեգրանի ընտանիքին, հարազատներին և նրա երաժշտության բազմահազար երկրպագուներին»: