ՀՀ վարչապետի՝ Մոսկվայի հայտարարությունն ուներ լուռ իրավական հիմնավորում. Շահան Գանտահարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Մոսկվայում վարչապետի կողմից կատարված հայտարարությունը, կարծում եմ ունի Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի լուռ իրավական հիմնավորում։ Կարծում եմ՝ այստեղ նկատի է առնվել քաղաքական հետևյալ տրամաբանությունը։ Ադրբեջանի հավանական պնդումներին եւ միջազգային ընտանիքի հուշումներին, թե բանակցություններին Արցախի մասնակցության դեպքում պետք է մասնակցեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները եւս, վարչապետի այս մոտեցումով իմաստազրկվում են։ Ղարաբաղում նախապես ապրած ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին, հետեւաբար Ալիեւը բոլոր հիմքերն ապահովել է ներկայացնելու նաեւ Ղարաբաղում ապրած ադրբեջանցիներին։ Այս դեպքում Արցախը ներկայանում է իբրեւ անկախ հանրապետություն եւ Արցախի ժողովուրդը բնականաբար չի մասնակցել ՀՀ ընտրություններին։ Հետեւաբար՝ պաշտոնական Ստեփանակերտն է, որը ներկայացում է ինքնորոշված ժողովրդին»,-ասաց Գանտահարյանը: