Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկխոսության կոչ է արել Վենեսուելայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկխոսության կոչ է արել Վենեսուելայի քաղաքական ուժերին՝ երկրում աղետից խուսափելու նպատակով: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ երկխոսությունը հնարավոր է: Դա անհրաժեշտ է հակամարտության տանող էսկալացիայից խուսափելու համար, որը աղետ կդառնա երկրի ու տարածաշրջանի բնակչության համար»,- գործակալությունը մեջբերել է գլխավոր քարտուղարի խոսքը, որը նա ասել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս