
«Դեղին բաճկոնավորները» ցուցակ են կազմել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար. France Info

«Դեղին բաճկոնավորների» ֆրանսիական շարժումը թեկնածուների իր ցուցակն է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Նրա տեղեկությունների համաձայն, ցուցակն ստացել է «Քաղաքացիական նախաձեռնության միավորում» անվանումը: Այն գլխավորել է 31-ամյա մի բուժքույր՝ նորմանդական էր դեպարտամենտից: Առայժմ հայտարարված են ցուցակի միայն տասը թեկնածուներ, որն ի վերջո ներառելու է 79 մարդ: Առաջին տասնյակում տեղ են գտել ձեռնարկատեր, իրավաբան, տնային տնտեսուհի, ավտոբեռնիչի վարորդ եւ 29-ից մինչեւ 53 տարեկան այլ հավակնորդներ:
«Դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայում սկիզբ է առել նոյեմբերի կեսին՝ ի նշան գների ու հարկերի աճի դեմ բողոքի: Հետագայում ցուցարարների պահանջներն ուղղվեցին պետական իշխանության ինստիտուտների դեմ, որոնց նրանք մեղադրում են երկիրն անարդյունավետ կառավարելու եւ աղքատության դեմ պայքարում բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:
Երկրում արդեն անցկացվել են բողոքի տասը համազգային օրեր, որոնք բազմաթիվ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, ուղեկցվել են իրավակարգի ուժերի դեմ ցուցարարների ընդհարումներով, հրկիզումներով, խանութների կողոպտմամբ: Հունվարի 19-ին տեղի ունեցած վերջին ակցիայի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը բերման է ենթարկել գրեթե 300 մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: