Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսական նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Գլոբալ էներջի Սիմենս» ընկերության ղեկավար Լիզա Դեյվիսի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և նոր նախագծերի կյանքի կոչման հնարավորություններին: 

Նիկոլ Փաշինյանը ռուսական ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ հանդիպմանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: 

Տեսանյութեր

Լրահոս