«Սևիլիա»-«Բարսելոնա». Հավանական եզրափակիչը՝ քառորդ եզրափակչում
Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի «Սևիլիա»-«Բարսելոնա» հանդիպումն արժանի է եզրափակչին: Այս դիմակայությունը մասնագետները պատրաստվում էին դիտել վերջին խաղում՝ հաշվի առնելով, թե ինչպես են հանդես գալիս թիմերն այս մրցաշրջանում, սակայն մրցակիցներից մեկը պետք է լքի պայքարն արդեն իսկ այս փուլում:
«Սևիլիա»
«Սևիլիան» այս պահին ոչ այնքան լավ շրջանում է:
Վերջին տուրում ակումբը պարտվեց «Ռեալ Մադրիդին» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ 2:0 հաշվով: Այս պարտությունը բարդացրեց սևիլիական ակումբի վիճակը մրցաշարային աղյուսակում:
«Սևիլիան» նահանջեց երկրորդ հորիզոնական՝ զիջելով մադրիդյան ակումբին 3 միավոր: 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալավեսը» և «Խետաֆեն», հետ են մնում շատ փոքր տարբերությամբ:
Մադրիդյան ակումբից կրած պարտությունը երրորդ անընդմեջ պարտությունն էր «Սևիլիայի» համար պաշտոնական խաղերում: Մադրիդցիների հետ խաղից առաջ «Սևիլիան» երկու անգամ պարտվել էր Բիլբաոյի «Ատլետիկին»՝ 0:2՝ Պրեմիերայում, և 0:1՝ գավաթում:
«Սևիլիայի» կազմում վնասվածքներ ունեն Մակսիմ Գոնալոն և Մանուել Նոլիտոն: Վնասվածք է ստացել նաև թիմի նորեկը՝ Մունիր Էլ-Հադդադին, ով տեղափոխվել էր կատալոնական ակումբից:
«Բարսելոնա»
Կատալոնական ակումբն իր վերջին հանդիպումը հաղթեց՝ ոչ այնքան հեշտ պայքարում հաղթահարելով «Լեգանեսի» արգելքը՝ 3:1: Այս հաղթանակն օգնեց կատալոնական ակումբին պահպանել Մադրիդի «Ատլոտիկոյի» նկատմամբ 5 միավորի առավելությունը:
Սա կատալոնական ակումբի երրորդ անընդմեջ հաղթանակն էր:
Իպանիայի գավաթի 1/8 եզրափակչում կատալոնացիները մրցում էին «Լեգանեսի» հետ, որին կարողացան հաղթել միայն երկրորդ խաղում՝ 3:1: Առաջին խաղում Էռնեստո Վալվերդեի սաները պարտվել էին 1:2 հաշվով:
Կատալոնական ակումբում վնասվածքներ ունեն Սամուել Ումտիտին և Ռաֆինյա Ալկանտարան:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Սևիլիան» պարտվել է վերջին 3 պաշտոնական հանդիպումներում՝ չխփելով ոչ մի գնդակ
- Սեփական հարկի տակ «Սևիլիան» հաղթել է 12 խաղերից 10-ում
- «Բարսելոնան» հաղթել է վերջին 12 պաշտոնական խաղերից 10-ում
- Մրցակցի հարկի տակ«Բարսելոնան» պարտվել է 11 պաշտոնական խաղերից միայն 1-ում
- «Բարսելոնան» հաղթել է «Սևիլիային» վերջին 11 խաղերից 10-ում
«Սևիլիան» խաղից առաջ ունի հսկայական մոտիվացիա: Գարնանը թիմը ջախջախիչ պարտություն կրեց նույն կատալոնացիներից՝ զիջելով 5:0 հաշվով: Դրանից հետո «Սևիլիան» պարտվեց կատալոնացիներին Սուպերգավաթում՝ 1:2, ինչպես նաև այս մրցաշրջանի սկզբում՝ 2:4:
Պետք է նշել, որ «Սևիլիան» բավականին վստահ է խաղում սեփական հարկի տակ: Այնպես որ, «Սևիլիան» ամեն ինչ անելու է սեփական հարկի տակ գոնե չպարտվելու համար;
Իսպանիայի գավաթի ¼ եզրափակչի խաղը կկայանա կեսգիշերն անց՝ ժամը 00:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան