
Նախարարությունը բժշկական ապահովագրական համակարգում ներառելու է գրանցված աշխատող անձանց

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: 2021թ. ծրագրին միանալու են գրանցված աշխատողները:
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շատ հարցեր դեռ որոշված չեն, օրինակ, թե աշխատող քաղաքացիների աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է փոխանցվի ապահովագրության համար: Բայց աշխարհում կա 2-30 տոկոսի պրակտիկան։ Մենք հակված ենք սկսել փոքր տոկոսից, որ դա բեռ չլինի քաղաքացիների համար: Մենք մեր մտքում ունենք որոշակի թվեր, սակայն, քանի որ կան քաղաքական որոշումներ, այդ տոկոսները փոխվելու են: Օրինակ, եթե որոշվի, որ կենսաթոշակառուներին ևս ընդգրկում ենք համակարգում, այդ տոկոսը աճելու է»,-ասաց Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ համակարգի փուլային ներդրման, նաև մինչ 2021-ը այս երկու տարին օգտագործելու իմաստն այն է, որ բոլոր հարցերի պատասխանները ճշգրիտ հաշվարկվեն, և համակարգի ներդրման ժամանակ ձախողման հավանականությունը փոքրացնեն: «Առաջին փուլը, ներդնելով միայն աշխատող քաղաքացիների և միայն այն քաղաքացիների համար, ում պետությունն այսօր էլ է երաշխավորել բուժօգնություն, մենք ապահովում ենք մոտ 50 տոկոս ընդգրկում»,-նշեց Թորոսյանն ու հավելեց, որ քայլ առ քայլ պետք է մեծացնեն այդ տոկոսը:
Նա տեղեկացրեց նաև, որ հետագայում քննարկվելու է թոշակառուների ընդգրկման հարցը, որովհետև նրանց համար կամ պետք է վճարի պետությունը, կամ աշխատող քաղաքացիները՝ իրենց տարեց համաքաղաքացիների համար՝ որպես սոցիալական համերաշխության սկզբունք: Նախարարը նկատեց, որ համապարփակ բժշկական ապահովագրության համակարգերը սոցիալական համերաշխության սկզբունքի հիման վրա են ներդրվում, երբ առողջ քաղաքացիները վճարում են հիվանդ քաղաքացիների համար և այլն:
Բժշկական ապահովագրական համակարգից ներկայում օգտվում են սոցիալական փաթեթի շահառուները: