Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի
ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից գումար տրամադրելու հարցը:
Գումարը կտրամադրվի «Նաիրիտ»-ի քիմիական նյութերի ու սարքավորումների պահպանության իրականացման համար:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով տրամադրելու համար ԱԻՆ-ին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:
Հունիսի 21-ին ՀՀ կառավարությունը Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված աշխատակիցների 2018 թվականի աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացրեց 177 մլն 342,3 հազար դրամ: Ընդունված որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-ի որոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն 407,7 հազար և 86 մլն 777,7 հազար դրամ:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր: