
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մոխրասյուն է արտանետել

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը հունվարի 22-ի երեկոյան ծխի ու մոխրի չորսկիլոմետրանոց սյուն է արտանետել, որը շարժվում է Պուեբլա քաղաքի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է համանուն նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
«Ավելի քան 4 կմ բարձրությամբ հրաբխային սյուն է արտանետվել, քամին մոխիրը տանում է դեպի հյուսիս-արեւելք, այսինքն՝ Պուեբլա»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ: Փոքր-ինչ ավելի ուշ ծառայությունը Twitter-ում ճշտել է, որ հրաբխային սյունի բարձրությունը հասնում է երկու հազար մետրի, ինչպես նաեւ քաղաքացիներին հիշեցրել է տարահանման ուղիների եւ ժամանակավոր ապաստարանների դասավորության մասին:
Պոպոկատեպետլ հրաբուխը, որի անվանումը ացտեկների լեզվից թարգմանվում է որպես «ծխացող լեռ», ծովի մակերեւույթից բարձր է 5,4 հազար մետր: Այն արդեն վաղուց դարձել է Մեքսիկայի խորհրդանիշներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: