Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երեք օր է, ինչ հանրությանը հանգիստ չի տալիս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկությունը:
Գրիգորյանի պաշտոնանկությունը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանների մոտ, այն անգամ իր համար է անակնկալ եղել: Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանել է կատարվածը` նշելով, որ Գրիգորյանին նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին:
Աղաջանյանը, սակայն, հստակ չի մատնանշել, թե ինչն է Գրիգորյանին ազատելու պատճառը, բայց «Ժողովուրդ» թերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան այդ կապակցությամբ: Մինչ այդ նշենք, որ Գրիգորյանը տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ տնօրինում էր ՀԿ-ն:
Պարզվում է` կառավարության, նաեւ Բնապահպանության նախարարության վերին օղակներին դուր չի եկել Գրիգորյանի գործելաոճը. նա մասնավոր զրույցներում իշխանական վերնախավի մասին այնքան էլ լավ չի արտահայտվել՝ «մեծ-մեծ խոսել է», ինչը եւ շատերին դուր չի եկել:
Կառավարական կուլիսներում խոսում են այն մասին, որ Գրիգորյանը այդպես էլ չկարողացավ ՀԿ-ական իր ոգին փոխել պաշտոնյայի կեցվածքով: Նկատենք, որ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ է եւ ազատ, պարբերաբար գրառումներ է անում` անգամ վիրավորելով որսագողերին: Բայց, կարծես թե, Գրիգորյանի բաց աշխատելը կառավարության անդամների սրտով չի եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: