150 տոկոս պարգևավճար. Իննեսա Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը». «Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց եւ իրենց աշխատողներին, այլեւ նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։

«Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգեւատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։ Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել։

Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգեւատրումներ եղել են, սակայն որեւէ հակաօրինական գործողություն չի արվել։ «Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։ Ջրային կոմիտեում պարգեւատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները։

«Տարվա ընթացքում երեք անգամ պետական հիմնարկներն իրավունք ունեն 1 դրույքի չափով խրախուսել աշխատողներին։ Ջրային կոմիտեում դա արել են մեկ անգամ՝ տարեվերջին, մեկուկես դրույքի չափով, այսինքն՝ 150 տոկոսով»,- ասված է կոմիտեի պատասխանում։ Կոմիտեից հաստատեցին, որ Ինեսա Գաբայանը եւս պարգեւատրվել է, բայց պարգեւավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Մեր տեղեկություններով, Ինեսա Գաբայանն իր պարգեւավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս