Բալի կղզում Ագունգ հրաբուխը երկու կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել
Ագունգ հրաբուխը, որը գտնվում է Ինդոնեզիայի Բալի կղզում, հունվարի 22-ին 2 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է Tempo թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների վտանգի նվազեցման հրաբխագիտական եւ երկրաբանական կենտրոնի (PVMBG) տվյալները:
Կենտրոնի տվյալներով՝ հրաբխի ժայթքումն արձանագրվել Է տեղական ժամանակով 03:42-ին (Երեւանի ժամանակով 09:42-ին): PVMBG-ի ղեկավարի խոսքով՝ մոխրի թանձր ամպը շարժվում է արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով:
Ինչպես նշել է հրատարակությունը, հրաբխի ակտիվությունն սկսվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին: Ներկայում հրաբխի շրջանում գործում է վտանգի երրորդ աստիճանը՝ ըստ քառաբալ սանդղակի: Դրան արգելված է մոտենալ 4 կիլոմետրից պակաս հեռավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: