«Ադրբեջանն Արցախի վերաբերյալ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի խոսքերն օգտագործել է Հայաստանի դեմ»

Հունվարի 16-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին երկօրյա այցով մեկնել էր Բաքու՝ ռազմապաշտպանական ոլորտում հուշագիր ստորագրելու նպատակով։

Հանդիպումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ անդրադառնալով հանդիպման արդյունքներին՝ նշել էին, որ Մոհամադ Հոսեյն Բաղերին իբրև Արցախն անվանել է ադրբեջանական հող և խոսել  Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարն Ադրբեջան կատարած այցի առաջին օրն ընդհանրապես Արցախի հարցին չի անդրադարձել, միայն շեշտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, որն Իրանում մշտապես շեշտվում է՝ հաշվի առնելով Իրանի ներքաղաքական խնդիրները։

«Իրանը որևէ երկրի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություններ չի անում և չի միջամտում գործընթացներին։ Այդ նյութը տարածվեց ադրբեջանական ԶԼՄ-ի կողմից, որը տեղ էր գտել նաև «Իռնա» լրատվականում, այստեղ ռուսական բաժնում  հղումը տվել էին ադրբեջանական լրատվամիջոցներին, սակայն օրվա ավարտին նյութը հանվել էր»,- ասաց իրանագետը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմից հրապարակված այս ապատեղեկատվությունը նաև լայն տարածում գտավ հայկական ԶԼՄ տիրույթում։

«Ադրբեջանը միշտ «խանդով» է վերաբերվել հայ-իրանական հարաբերություններին և շատ անգամներ փորձել է ապատեղեկատվությամբ կամ այլ միջոցներով սև բիծ գցել այդ հարաբերությունների վրա»,- ասաց Գ. Միսակյանը։

Ինչ վերաբերում է Բաքու կատարած այցի երկրորդ օրվա ընթացքում արված հայտարարություններին, ապա, իրանագետի խոսքով՝ Բաղերին հանդիպման երկրորդ օրն անդրադարձել է Արցախի հարցին և նշել, որ Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մատնանշել, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի երկկողմ բանակցությունների միջոցով։

«Նա նաև որոշակի խճճված կոնտեքստում օգտագործեց Ադրբեջանի «բռնազավթված հողեր» տերմինը։ Այստեղ կարևորն այն է, որ իր խոսքում նա նշեց, որ Արցախի հարցը պետք է լուծվի բանակցային գործընթացի միջոցով։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բաղերիի հայտարարությունը, թե իբրև Արցախը համարվում է ադրբեջանական հող՝ ապատեղեկատվություն է, որը տարածվել է Ադրբեջանի կողմից»,- շեշտեց Գարիկ Միսակյանը։

Իրանագետ Ահարոն Վարդանյանն էլ նկատեց, որ նորություն չէ, երբ Բաղերին անդրադարձ է կատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

«Եթե նայենք Իրանի քարտեզին, ապա կտեսնենք, որ այդ երկիրն ինքն ունի տարածքային ամբողջականության խնդիր։ Իրանում ապրում են բազմաթիվ ազգեր, որոնց շրջանում կան որոշ անջատողական դրսևորումներ, և այս արտահայտությունն Իրանի տեսանկյունից  շատ բնական էր։

Այստեղ խնդիրը պարզապես Արցախի անվան շոշափումն էր, բայց բավականին լղոզված, դիվանագիտական  և խճճված տերմիներով, ինչը քարոզչական առումով ադրբեջանական կողմը կարողացավ շատ լավ օգտագործել և հրամցնել հայկական ԶԼՄ դաշտին, կարծես թե մենք էլ այդ խայծն ընդունեցինք»,- ընդգծեց Ահարոն Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս