Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է
Հանրապետության հիվանդանոցներում, հունվարի 18-ի դրությամբ, հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 766 հիվանդ, գրանցվել է շտապօգնության 98 կանչ: Թեթև աշխուժացում է նկատվել պոլիկլինիկական կազմակերպություններում՝ 1776 այց, ինչը պայմանավորված է հիվանդության վաղ շրջանում բնակչության ակտիվ դիմելիությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վերջին օրերին դիտվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում, ինչի մասին են փաստում դեռևս շարունակվող համաճարակաբանական դիտարկման արդյունքները:
«Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 18-ի դրությամբ՝ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է386 երեխա (Երևան՝ 162, մարզեր՝ 224): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:
Շարունակվում է նաև դպրոցների և մանկապարտեզների ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը: Բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում իրականացվելու է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ: