«Ոստիկանությունն իր դերի մեջ չէ ոչ Նիկոլից առաջ, ոչ հիմա». քաղաքացին՝ եղբոր կողմից ծխատարը փակելու և ոստիկանության արձագանքի մասին
Երևանի Սարի թաղի 8-րդ շարք 15 տան սեփականատեր Վլադիմիր Վարդանյանը դժգոհ է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի, թաղապետարանի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի աշխատանքից: Ասում է՝ 4 տարի է՝ հարազատ եղբայրը փակել է ծխատարը, բայց ոչ ոք չի օգնում լուծել հարցը:
«4 տարի է՝ ծխատարը փակել է: Վառել էի վառարանը, որ տաքանանք՝ գազը լցվել է տունը: Ես փայտի վառարանի մեջ գազի խողովակ եմ տեղադրում, որ փայտը հեշտ վառվի: Ու այդ Վարդան Վարդանյանը, որ ազգանուններով նույնն ենք, հայրանուններով՝ նույնպես, նրան եղբայր չեմ համարում, փակել է ծխատարը՝ առանց ինձ զգուշացնելու, և ես կնոջս ու թոռնիկիս հետ ծխախեղդ էի լինում, հազիվ հասցրել ենք դուռը բացել: Բարձրացա կտուր՝ տեսա, որ տարայով փակել է ծխատարը: Դիմեցի ոստիկանություն, սակայն ոչինչ չարեցին: Ոստիկանությունն իր դերի մեջ չէ ոչ Նիկոլից առաջ, ոչ հիմա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ՝ ինքն ու եղբայրը բաժանվում են մեկ պատով:
«Ծխատարի հարցով դիմել եմ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին, պատասխանել են, որ կենցաղային հարց է, դրանով չեն զբաղվում, ու հորդորել են դիմել դատարան: Այդ մարդն իմ ծխատարը փակել է՝ պատճառաբանելով, որ, երբ վառարանը վառում եմ՝ իր տան էլեկտրական հոսանքները վառվում են: Այդ ծխատարը 60 տարի առաջ սարքված է եղել, ես չեմ սարքել:
Դիմել եմ թաղապետարան, այնտեղից էլ հորդորել են ԱԻՆ-ին տեղեկացնել: Այդպես էլ արեցի: Եկան, նայեցին, չափեցին, հետո պատասխանեցին, որ հակահրդեհային նորմերին համապատասխան է ծխատարը պատրաստված, և իմ կողմից քանդման հետևանքով միջնապատի վրա առաջացել է բացվածք: Քաղաքապետարանի աշխատողն էլ որ գալիս է տեսնի, թե ինչ խնդիր կա, ասում եմ, որ պետք է բարձրանա կտուր՝ հրաժարվում է: Ասում եմ՝ բա խնդիրն ինչպե՞ս ես տեսնելու»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:
Անի Կարապետյան