«Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ իր սեփական թերթը իր խմբագրությամբ նախկին իշխանությունների մասին ինչ անհեթեթություն ասես գրել է, բայց երկրի որևէ ղեկավար այդ հրապարակումներին չի անդրադարձել». Արմեն Աշոտյան

«Իհարկե, նայել եմ, արտաքին քաղաքական ելույթները՝ նույնպես։ Կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնության մոտ կա սիրողականություն՝ շաղախված մեծամտության հետ. անտեղյակություն, մեծամտություն և սիրողականություն։ Հաստատ ամենալավ կոկտեյլը չէ Հայաստանի արտաքին քաղաքական շահերը ներկայացելու համար»,- ի պատասխան «5-րդ ալիքում» Ագնեսա Խամոյանի հնչեցրած հարցի, թե նայո՞ւմ է արդյոք 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերը, ասաց 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինս ներկայացրեց նաև իր նկատառումներն ԱԺ մշտական հանձնաժողովները կազմավորելիս իշխանությունների մոտեցումների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ այդ 2 նոր ավելացված հանձնաժողովները տարեկան 35 միլիոն դրամի լրացուցիչ բեռ են դնում ՀՀ պետական բյուջեի վրա։

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հանեցին Սփյուռքը և տվեցին Գիտության ու կրթության հանձնաժողովին, ինչ է թե՝ Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարար էր եղել. Սփյուռքը տարան էնտեղ, որ հիմնավորեն Մ. Հայրապետյանի նշանակումը։ Արտաքին հարաբերությունների մանդատից ամբողջովին հանեցին Եվրամիությունն ու CEPA-ն, որը ժամանակին կիսում էինք Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ, ստեղծեցին առանձին Եվրասիական ու տարածաշրջանային հանձնաժողով, որով էլ ըստ էության այսօրվա Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքների ծավալը նվազեց 60 տոկոսով»,- մեկնաբանեց Ա. Աշոտյանը։

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման հետաձգմանը, բանախոսը նշեց, որ ինքը կանխատեսել էր, որ այն այս տարի չի վավերացվի, ինչը նաև կրկնում են այժմ իշխանությունները։

«Եվրամիության համաձայնագրի մի քանի խումբ խնդիրներ ունենք։ Այդ համաձայնագրով ոչ մի լուրջ գործ Հայաստանը դեռ չի արել, թեպետ 2018թ. հունիսի 1-ից կարող էր ու պարտավոր էր անել։ Անգամ ազգային ճանապարհային քարտեզը Բրյուսելում անխնա քննադատության ենթարկվեց և ևս 2 ամսով հետաձգվեց։ Խնդիր է նաև այն, որ այս համաձայնագրի վավերացումը կանգ է առել ազգային խորհրդարաններում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։

Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետը հայտարարել է, որ լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է ՀՀԿ տնօրինության տակ, և, որ հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ գրում են իր ու իր ընտանիքի ժամանցի, գնումների ու այլ անձնական բաների մասին, Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ իր սեփական թերթը իր խմբագրությամբ նախկին իշխանությունների մասին ինչ անհեթեթություն ասես գրել է, բայց երկրի որևէ ղեկավար այդ հրապարակումներին չի անդրադարձել։ Բայց Նիկոլն այդքան պրիմիտիվ չէ։ Նա վերցրեց գործադիր իշխանությունը, ափալ-թափալ ընտրություններով վերցրեց նաև օրենսդիրը։ Հիմա ակնհայտ է, որ դատավորների փոփոխության պրոցես է սկսելու, որ իրենով անի նաև դատական իշխանությունը, և միաժամանակ իր հսկողության տակ է ուզում վերցնել նաև չորրորդ իշխանությանը՝ լրատվամիջոցներին»։

Ա. Աշոտյանը կարծում է, որ սա իշխանության տոտալ, ավտորիտար զավթման հերթական փուլի սկիզբ կարող է լինել։ Երկուսի վրա էլ գրոհ է սկսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս