
Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 17-ին հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին:
Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է սենատորին վերընտրման կապակցությամբ: Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել սենատորին դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական նամակի, ինչպես նաև Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում աջակցության համար:
Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը: Դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ընդլայնելու և խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները` այդ հարցում կարևորելով անձամբ սենատորի և Սենատում Հայաստանի բարեկամների դերակատարումը:
Կողմերը բարձր են գնահատել Ռոդ Այլենդում հայ համայնքի ակտիվ դերակատարումը նահանգային կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: