Բաժիններ՝

«Ռիսկային վարորդներն ավելի թանկ են վճարելու, ոչ ռիսկայինները՝ էժան». Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ-ում

Հայաստանի ապահովագրողների բյուրոն նախագիծ է մշակել, որը թույլ է տալու, որպեսզի դաշտն ազատականացվի, ապահովագրական ընկերությունները մրցակցեն:

«7 տարի է՝ գործում է գանձման մեկ համակարգ, հաստատված մեկ դրույքաչափ: Վերջերս հարկ է առաջացել՝ փոխել այդ համակարգի դրույքաչափերը, բարենպաստ պայմաններ ստեղծել՝ թե՛ վարորդների, թե՛ ապահովագրական ընկերությունների համար: Միմյանց հետ մրցակցում էին առանց սակագների փոփոխման, հիմա ցանկացած ապահովագրական ընկերություն ինքն է որոշելու որոշակի սեգմենտների համար նախատեսված ապահովագրական վճարը: Հաստատված սակագներ չեն լինելու տվյալ տրանսպորտային միջոցների համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ, Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը:

Նրա փոխանցմամբ՝ դեռ վերջնական լուծում չկա, մի քանի փորձեր են ուսումնասիրվում:

«Որոշակի կարգավորումներ Ապահովագրական բյուրոն ընդգրկելու է: Լինելու է առավելագույն և նվազագույն շեմ: Ապահովագրական ընկերություններն էլ որոշելու են, թե ո՞ր տրանսպորտային միջոցի համար ի՞նչ դրույք սահմանեն, ի՞նչ գործակիցներ կիրառեն ու ի՞նչ վճարներ ստանան: Այսինքն՝ կարող է մեքենայի համար մի տեղ 10.000 դրամ լինի, մի տեղ՝ 15.000:

Գլոբալ թանկացումներ չեն լինի, սեգմենտներն ավելի ճիշտ են կարգավորվելու, և ավելի ռիսկային վարորդներն ավելի թանկ են վճարելու, ոչ ռիսկայինները՝ էժան: Պետք է լինի նաև սակագնի հաշվարկի մեխանիզմ, դրույքաչափի հստակեցում: Այն ամեն տարի կարգավորվելու է, կարող է՝ ամեն տարի նոր սակագին սահմանվի»,- նշեց Տիգրան Քեյանը:

«Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահի փոխանցմամբ՝ մինչ օրս անբարեխիղճ մրցակցություն է իրականացվել՝ գործակալների միջոցով:

«Եղել են ապահովագրական ընկերություններ, որոնք 10 տոկոս են միջնորդավճար տվել, կամ 15-35, կարծում եք՝ սա ճի՞շտ է: Սա ոչ թե շուկայական հարաբերություն, այլ անօրինական գործողություն է եղել»,- նկատեց Տիգրան Քեյանը:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԱՊՊԱ-ն թանկանալու է, «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահն ասաց, որ որոշ հատվածի համար հնարավոր է, որ թանկացում լինի:

«Մարզերի մեքենաները, որոնք ավելի քիչ ռիսկային են, բնականաբար, այնտեղ թանկացում չի կարող լինել, բարեխիղճ վարորդների համար՝ ևս»,- հավելեց Տիգրան Քեյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս