Սիրիայի հարցում Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև քաղաքական առևտուր է ընթանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծվել, որում Թուրքիան առաջնային դերակատարում է ձգտում ստանձնել: Թրամփի այս և Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հայտարարություններից հետո սկսված զարգացումները կրկին որոշակի լարվածություն են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք վերջին մեկ շաբաթում աչքի են ընկնում շփումների բարձր ինտենսիվությամբ:

Դեկտեմբերի վերջին երկու երկրների միջև տարաձայնությունների հարթեցման միտումներ էին նկատվում, մասնավորապես Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքի շուրջ նախնական համաձայնության, Գյուլենի արտահանձնման հարցը վերանայելու մասին ԱՄՆ-ի պաշտոնյաների և հատկապես Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի հայտարարություններից հետո: Սակայն Սիրիայի հարցում 2 երկրների անհամաձայնությունները սուր կերպով արտահայտվեցին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունից հետո, որով նա ԱՄՆ զորքերի դուրս բերման 2 պայման էր առաջ քաշել.

1. ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի ստանձնում

2. Քրդերի անվտանգության երաշխիքների տրամադրում:

Բոլթոնի հայտարարությունից հետո Թրամփի այն թվիթերային գրառումով, թե ԱՄՆ-ն կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինն ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելուց հետո հարձակվի քրդերի վրա, ավելի էր բորբոքել Թուրքիայում ԱՄՆ-ի դեմ սկսված դժգոհության ալիքը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թամփը հունվարի 14-ին թվիթերի էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ, որի հետ քննարկել է սիրիական հարցը՝ մասնավորապես ԻՊ-ի մնացորդների դեմ պայքարը և Սիրիայի հյուսիսում 20 մղոն  (32 կմ) խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը: Թրամփի այս հայտարարությունից հետո թուրք-ամերիկյան ճակատում հարաբերական դադար է՝ մեղմացել է թուրք գործիչների հռետորաբանությունը:

Մասնավորապես Էրդողանը վերջին ելույթում հայտնել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցը դրական է եղել: Նրա  բնորոշմամբ՝ Թուրքիան դրական է վերաբերվում Թրամփի 32 կմ խորությամբ անվտանգության գոտի ձևավորելու առաջարկին: Էրդողանի պնդմամբ, ինքը նման առաջարկ արել էր դեռ 2013թ.-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։

Ամերիկյան կողմը դեռ հստակություն չի մտցրել, թե ինչ ժամկետներում են զորքերը դուրս բերվելու, ում է թողնվելու զինամթերքը, որքան տարածք է ընդգրկելու չեզոք գոտին, ինչպիսի ռազմական սահմանափակումներ կամ արտոնություններ են տրվելու և ում: Այս հարցերի շուրջ  համաձայնությունները դեռ նոր են ձեռք բերվելու, սակայն  թուրքական կողմը արդեն բարձրաձայնում է իր մոտեցումները: Էրդողանի մամուլի խոսնակ Ի․ Քալընը լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ այդ գոտում վերահսկողությունն իրականացնելու է Թուրքիան: Իսկ իշխանամետ Sabah կայքը Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում հրապարակել է Թուրքիայի ճանապարհային քարտեզը: Դրանում նշվել է, որ անվտանգության գոտում վերահսկողություն իրականացնելու են Թուրքիան և  Սիրիայի ազատ բանակ։ Վերջինը Թուրքիայի կողմից հավանավորվող, Սիրիայի իշխանություններին ընդդիմադիր զինված խմբավորում  է, որին զինում և ֆինանսավորում է Թուրքիան։ Այս խմբավորման զինյալները ներգրավված էին Թուրքիայի ԶՈՒ-ի «Ձիթենու ճյուղ» օպերացիաներում։
Նախագահ Էրդողանը իր վերջին ելույթներից մեկում ուշագրավ մի քանի առաջարկներ է բարձրաձայնել՝ նշելով, որ այդ առաջարկներից մի քանիսը նա արել էր Օբամային: Էրդողանի հնչեցրած առաջարկներն են.

  • Օդային վերահսկողությունն իրականացնում է ԱՄՆ-ն, Թուրքիան զբաղվում է ցամաքում անվտանգության, ինչպես նաև մարդկանց կենցաղային պայմանները բարելավելու հարցերով:
  • Փախստականների համար կառույցներ հիմնել: Մասնավորապես Թուրքիայի պետական կառուցապատման ընկերությունը կարող է ներգրավվել անվտանգության գոտու աշխատանքներում:
  • Անվտանգության գոտին կարելի է ընդլայնել ևս 20 մղոնով (մոտ 32 կմ):
  • ԱՄՆ-ն և կոալիցիոն ուժերը, եթե Թուրքիային լոգիստիկ և նյութական օգնության տրամադրեն, Թուրքիան բնակչության անվտանգությունը հենց տեղում ապահովելով, կարող է լուծել նաև գաղթի խնդիրը:

Այս հայտարարություններին զուգահեռ Թուրքիան օրակարգում է պահում Եփրատից արևելք քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու հարցը: Հունվարի 10-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Եփրատի արևելքում ռազմագործողություն անելու հարցում վճռական է:  Իսկ Էրդողանը նշել էր, որ ԱՄՆ-ի նախագահի Սիրիայից զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո թեև Թուրքիան ժամանակավորապես կանգնեցրել է Եփրատից արևելք ռազմական գործողության իրականացումը, սակայն պայմանների անհրաժեշտության դեպքում իրավունք է վերապահում Սիրիայի տարածքում գտնվող և Թուրքիային սպառնացող ահաբեկիչներին թիրախի տակ վերցնել:  Թուրքիան ռազմական գործողության հարցը օրակարգում պահելով նախ փորձում ինչ-որ ճնշման լծակներ պահել ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցություններում: Բացի այդ ռազմական գործողություն իրականացնելու հարցը ներքաղաքական կյանքում սպասվող կարևոր իրադարձությունից՝ ՏԻՄ ընտրություններից առաջ հասարակական կարծիքն ուղղորդելու համար ազդեցիկ գործիք է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե նախորդ տարի ընտրություններից առաջ ինչպես օգտագործվեցին Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները իշխող կուսակցության օգտին:

Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը անմիջապես հարվածում է Սիրիայում ԱՄՆ-ի հիմնական դաշնակից քրդերի շահերին: Նրանց արձագանքը բավականին կոշտ էր: Մասնավորապես «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) համանախագահ Ջեմալ Բայըքն արձանագրել է, որ քրդերն այլևս հույսը իրենց ուժերի վրա պետք է դնեն: Ըստ Բայըքի՝ ԱՄՆ-ի Սիրիայից հեռանալու, ինչպես նաև Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս մտնելու հայտարարությունները հնարավորություն տվեցին, որ քրդերը ավելի լավ հասկանան ԱՄՆ-ի՝ քրդերի նկատմամբ վարվող քաղաքականությունը:

Սիրիայի քրդերը («Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և դրա զինված «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG)) Թրամփի հայտարարությունից հետո անցել են գործնական քայլերի՝ նրանք փորձում են համագործակցության եզրեր գտնել Սիրիա իշխանությունների հետ: Դեկտեմբերի 20-ին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ քրդերը և իշխանությունները բանակցում են Դեյրզորում քրդերի վերահսկողության տակ գտնվող նավթով հարուստ շրջանները կառավարական ուժերի վերահսկողության հանձնելու շուրջ:

Դեկտեմբերի վերջին արդեն համաձայնություն էր ձեռք բերվել Մանբիչի արևմտյան հատվածում գտնվող Արիմահ ավանը կառավարական ուժերի վերահսկողությանը հանձնելու մասին:

Սիրիայի ԱԳՆ-ն անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ Թուրքիայից հնչող  հայտարարություններին բավականին կոշտ է արձագանքել: Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանմեջ նշվել է, որ երկրի տարածքները պաշտպանելու են բոլոր հնարավոր հարձակումներից, այդ թվում նաև «թուրքական բռնազավթումից»:

Ամերիկյան զորքերի դուրսբերման, հատկապես  Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին հայտարարությունները բնականաբար առնչվում են տարածաշրջանում գտնվող բոլոր ուժերին: ԱՄՆ-ի հեռանալուն, քրդական ուժերի և իշխանությունների համագործակցությանը զուգահեռ Էրդողանը ուղերձներ է հղում Ռուսաստանին, որը կառավարական ուժերի հովանավորն է:

Անվտանգության գոտու մասին հայտարարությունից մեկ օր անց ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է Էրդողանի «Թուրքիա-Ռուսաստան համագործակությունը Սիրիայի ճգնաժամը լուծելու համար չափազանց կարևոր է» խորագրովհոդվածը: Էրդողանի կարևոր ուղերձները.

  • ԱՄՆ-ի Սիրիայից հեռանալու որոշումը ճիշտ քայլ է: Սիրիայի խնդիրը կարող են լուծել այն երկրները, որոնք Սիրիայում դրության բարելավումից կշահեն, իսկ վատթարացումից կտուժեն:
  • Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կողմ է խնդրի քաղաքական համապարփակ լուծմանը: Դրան հասնելու համար Թուրքիան և Ռուսաստանը պետք է շարունակեն համագործակցությունը և համակարգված գործողությունները, ինչպես դա արել են Իդլիբի դեպքում: Երկու պետությունները Սիրիայում կրկին կայունություն հաստատելու և վերականգնելու հարցում պետք է միասնաբար աշխատեն:
  • PYD/YPG ահաբեկչական կազմակերպություն է և ԱՄՆ-ն ԻՊ-ին փոխարինել է քրդական խմբավորումներով, որոնք ահաբեկչության դեմ պայքարում անկեղծ չեն եղել: Ըստ Էրդողանի՝ PYD/YPG ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ Սիրիայի հյուսիսում փորձում են ահաբեկչական պետություն հիմնել: Թուրքիան քրդերի և Սիրիայում ապրող այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ խնդիր չունի: PYD-ն չի ներկայացնում Սիրիայի քրդերին, այն մեծ վնաս է հասցրել Սիրիայի քուրդ քաղաքացիներին:

Տեղի ունեցած զարգացումները ենթադրել են տալիս, որ ակտիվանալու են նաև ռուս-թուրքական բանակցությունները՝ հաշվի առնելով, քրդական ուժերի և Սիրիայի իշխանությունների համագործակցությունը և վերջինին Ռուսաստանի աջակցությունը:

Դեռ նախորդ տարի դեկտեմբերին հայտարարվել էր, որ հունվարին նախատեսվում է Պուտին-Էրդողան հանդիպում, որի օրակարգում Սիրիայի հարցն է: Ռուսաստանի ԱԳ նախարար  Ս. Լավրովը բավականին զգուշավոր հայտարարություն է արել վերջին զարգացումների վերաբերյալ՝ նշելով. «Հաշվի կառնենք Սիրիայի հարևանների, այդ թվում Թուրքիայի և տարածաշրջանում բոլոր կողմերի անվտանգությունն ու շահերը»: Լավրովն ընդգծել է, որ Թրամփի առաջարկած անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը պետք է դիտարկել Սիրիայի տարածքային ամբողջականության տեսանկյունից:

Փաստացի այս պահի դրությամբ ակնհայտ է մի բան՝ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերելու Սիրիայից: Թրամփի կողմից կա առաջարկ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին, սակայն հստակություն դրա իրականացման մեխանիզմների հարցով դեռ չկա: Առաջարկի հիմնական շահառուն Թուրքիան է, համենայն դեպս թուրք ղեկավարների արձագանքն ու հայտարարությունները վկայում են, որ այդ երկիրը ձգտում է ստանձնել անվտանգության գոտու վերահսկողությունը՝ բացառելով այնտեղ քրդական ուժերի ներկայությունը: Թուրքիայի համար բարդ բազմակողմ բանակցությունների շրջան է սկսվում մասնավորապես ամերիկյան ուղղությամբ: Թուրքիան ձգտելու է ստանալ այդ գոտու ամբողջական վերահսկողությունը կամ գոնե դրանում լայն լիազորություններ՝ միաժամանակ բացառելով այնտեղ քրդական ուժերի ներկայությունը: Ինչպես երևում է Էրդողանի շեշտադրումներից անվտանգության գոտում Թուրքիան կարևորում է լոգիստիկ, հումանիտար և փախստականներին վերաբերող  հարցերը: Հաշվի առնելով թե Թուրքիան վերոնշյալ ասպեկտները ինչպես է գործադրել Եփրատից արևմուտք գտնվող հատվածների ժողովրդագրական պատկերում փոփոխություններ մտցնելու, կրթական, կրոնական, բժշկական հաստատություններ հիմնելով սեփական ազդեցությունը տարածելու գործում, կարելի է ենթադրել, որ Թուրքիան նույն գործիքակազմը Եփրատի արևելքում կիրառելու մտադրություններ ունի: Ստեղծված բարդ իրավիճակում դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ արդյունքներով կավարտվի թուրք-ամերիկյան քաղաքական առևտուրը: Այստեղ առանցքային է, թե ինչ կարող է տալ Թուրքիան ԱՄՆ-ին, որի՝ տարածաշրջանում կարևոր խնդիրն Իրանին մեկուսացնելը: Թուրք-ռուսական բանակցային ճակատում ևս Թուրքիայի համար բարդ է լինելու: Թերևս, բանակցությունների 2-րդ ճակատը Ռուսաստանն է լինելու: Այստեղ Թուրքիայի համար կարևորագույն խնդիրն է լինելու չեզոքացնել քրդերի և կառավարական ուժերի համագործակցությունը, որի միջոցով վերջինները և նրանց աջակցող ռուսները կարող են հայտնվել Սիրիայի հյուսիսում:

Թուրքագետ՝ Անահիտ Վեզիրյան

Տեսանյութեր

Լրահոս